32-ամյա կիսապաշտպան Արթուր Եդիգարյանն այն 7 ֆուտբոլիստներից մեկն էր, որի հետ պայմանագրի խզման մասին օրերս հայտարարեց «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը, հեռանալով երևանյան թիմից, որոշել է ավարտել կարիերան: Այս մասին և ոչ միայն, Եդիգարյանը պատմել է ArmSport-ի թղթակցի հետ զրույցում.
«Ընտանեկան պատճառներով Սերբիայից վերադառնալուց հետո գնացի «Ալաշկերտ»` հաշվի առնելով այն, որ երկար տարիներ խաղացել եմ այդ ակումբում, մտածեցի, որ ինձ լավ կընդունեն, 3 տարի այստեղ չեմպիոն եմ դարձել, այդպես էլ եղավ: Ինձ շատ լավ ընդունեցին, նույնիսկ պայմանավորվեցինք, որ երբ որոշեմ կարիերաս ավարտել, հրաժեշտի խաղ կկազմակերպվի: Պայմանագիրս նախատեսված էր մինչև 2020 թվականի օգոստոսը: Բայց առաջնության ավարտից հետո զանգահարեցին ինձ ու ասացին, որ պետք է գնամ ու խզեմ պայմանագիրը: Հայաստանում ֆուտբոլիստների պայմանագրերը պրոֆեսիոնալ չեն, երբ կուզեն կխզեն, ինչ կուզեն կանեն: Քանի որ ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության մեկ մրցաշրջանի ընթացքում չէի կարող հանդես գալ երեք թիմում`արդեն խաղացել էի Սերբիայում, այնուհետև` «Ալաշկերտում», ու չէի կարող մեկ այլ`երրորդ թիմ տեղափոխվել մեկ մրցաշրջանի ընթացքում: Այդ իսկ պատճառով գնացի ակումբի նախագահի մոտ, բացատրեցի իրավիճակը, ասացի, որ չեմ կարող 3-րդ թիմ տեղափոխվել:
Նրանք էլ իրենց կողմից առաջարկեցին ընդգրկվել ակումբի մարզչական շտաբում, 6 ամիս աշխատել, օգնել, ինչից հետո պարզ կլինի հետագա ճակատագիրս: Ես էլ սիրով համաձայնեցի, խզեցի ֆուտբոլիստի իմ պայմանագիրը , դուրս եկա գրասենյակից, մի քանի ժամ անց զանգահարեցին ինձ ու ասացին, որ համաձայն չեն, որ ես մարզիչ լինեմ: Ծիծաղելի գումարով առաջարկեցին մնալ թիմում ու 6 ամիս խաղալ, ես էլ ասացի, որ չեմ ցանկանում այդ պայմաններում շարունակել հանդես գալ ակումբում: Նրանց հաջողություններ ու հաղթանակներ մաղթեցի»,- պատմում է Արթուր Եդիգարյանը:
Եդիգարյանն ասում է` չգիտի, թե որն է նման վերաբերմունքի պատճառը ու միևնույն ժամանակ ՀՖՖ-ին կոչ է անում աշխատանքներ տանել`ֆուտբոլիստների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ.
«Չեմ կարող ասել, թե որն էր նման վերաբերմունքի պատճառը: Առհասարակ, սա շատ վատ վերաբերմունք էր այնպիսի ֆուտբոլիստի հանդեպ, որը ոչ միայն «Ալաշկերտի», այլև առհասարակ հայկական ֆուտբոլի համար որևէ բան է արել: Չեմ ցանկանում խոսել «Ալաշկերտի» ղեկավարությունից, մարզչական շտաբից, քանի որ երկար տարիներ խաղացել եմ այս ակումբում, ունեցել եմ հաջողություններ, հաղթանակներ: Պարզապես ֆուտբոլիստների հետ չի կարելի այսպես վարվել: Նրանք սա պետք է հասկանան: Աստված իրենց հետ:
Իսկ Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է պաշտպանի հայ ֆուտբոլիստներին: Պետք է հետևողական լինի, որ բոլոր ֆուտբոլիստների հետ կնքվեն պրոֆեսիոնալ պայմանագրեր, որպեսզի տրանսֆերի փակվելուց 3 ժամ առաջ ֆուտբոլիստին չկարողանան հեռացնել թիմից»,- իր մտահոգությունն է հայտնում Արթուր Եդիգարյանը:
Եդիգարյանը կարիերան ավարտելու վերաբերյալ մտորումներ, թեև, ունեցել է, բայց խոստովանում է` չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կավարտվի.
«Մտածում էի` կարիերաս կավարտեմ ամռանը, կամ`առավելագույնը ևս մեկ տարի կխաղամ: Ստիպված չեմ գնում այս քայլին, որոշել էի`ֆուտբոլի կարիերան ավարտելուց հետո, միևնույն է, մնալու եմ ֆուտբոլում, զբաղվեմ մարզչական գործունեությամբ: Պարզապես չէի պատկերացնում, որ կարիերաս այսպես կավարտեմ: Մտածում էի`հրաժեշտի խաղ կլինի, մի փոքր մեծարում … ինչև, ես չհանձնվող մարդկանցից եմ: Նվիրվող եմ եղել դաշտում, աշխատասեր, այդպիսին կլինեմ նաև մարզչական գործունեությանս մեջ»,- նշում է Արթուր Եդիգարյանն ու հավելում, որ ամենևին հիասթափված չէ.
«Ընդհանրապես հիասթափություն չկա: Միայն մեկ բան կասեմ` ՀՖՖ նոր ընտրվող ղեկավարությունը պետք է այնպես անի, որ ֆուտբոլին խոչընդոտող մարդիկ ՀՀ-ում ընդհանրապես գործունեություն չծավալեն: Թող գնան մեկ այլ տեղում իրենց գործունեությունը ծավալեն: Ով խոչընդոտում է հայկական ֆուտբոլի, հայ մարզիչների ու ֆուտբոլիստների զարգացմանը, իրավունք չունի լինելու հայկական ֆուտբոլում: Այդ մարդիկ մտածում են միայն իրենց անձնական շահերի մասին, և չեն պաշտպանում իրենց մարզիչներին ու ֆուտբոլիստներին»,- ասում է Արթուր Եդիգարյանը:
Ամփոփելով ֆուտբոլիստի կարիերան` անվանի ֆուտբոլիստը նշում է, որ չի կարող որևէ դժգոհություն ունենալ.
«Երբեք չեմ դժգոհի իմ կարիերայից, քանի որ խաղացել եմ բարձրակարգ ակումբներում: Մինսկի «Դինամոյի» հետ խաղացել եմ ՈւԵՖԱ-ի խմբային եզրափակչում: Հավաքականի հետ ունեցել եմ հաջողություններ: Իհարկե, կարող էր ավելի լավ լինել, բայց ոչնչի համար չեմ զղջում:
Շնորհակալություն եմ հայտնում իմ մարզիչներին, ովքեր ինձ խաղալու հնարավորություն են տվել, ովքեր ինձ համար շանս են բացել դեպի այլ ակումբներ: Շնորհակալություն եմ հայտնում նաև երկրպագուներին, ամբողջ հայ ազգին, ովքեր մշտապես իմ կողքին են եղել: Շնորհակալություն եմ հայտնում նաև մարզական լրագրողներին, ովքեր ֆուտբոլի կարևոր մասն են կազմում: Ինչպես կռվել եմ դաշտում, նվիրվել եմ, տվել եմ ինչ ունեմ-չունեմ, կաշխատեմ նույն կերպ տրվել նաև մարզչական գործունեությանս մեջ»:
Արթուր Եդիգարյանը նշում է, որ մարզչական դասընթացները սկսելու է B կարգից, քանի որ երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի հավաքականում:
«Ամեն ինչ կանեմ, որպեսզի լավ ու պիտանի մարզիչ լինեմ»:
Նարե Հովհաննիսյան