Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային շրջանի ավարտից հետո ArmSport.am-ը շարունակում է ամփոփել թիմերի ելույթները:
4-րդը Երևանի «Արարատն» է.
«Արարատ». 15 հանդիպում, 8 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն
«Արարատը» լավագույնս մեկնարկեց առաջնությունը և տևական ժամանակ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Այնուհետև որոշակի անկումը թիմին բերեց 4-րդ հորիզոնական, բայց աղյուսակի վերնամասում խտությունը «Արարատին» թույլ է տալիս իրական պայքար մղել ամենաբարձր հորիզոնականների համար:
Մարզչական փոփոխություններն ու Վալերի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի կեսերին «Արարատի» հետ նախապատրաստություն անցած և մրցաշրջանը սկսած Սերգեյ Բոյկոն հրաժարական տվեց. հրաժարական այն ժամանակ, երբ թիմը առաջին հորիզոնականում էր… տարօրինակ է:
Բոյկոյին փոխարինել է ուկրաինացի Վադիմ Լազորենկոն:

Խնդիրն այն է, որ շատերի պնդմամբ «Արարատում» ամեն ինչ (մեկնարկային կազմից սկսած) որոշում է ակումբի գլխավոր մենեջեր Վալերի Հովհաննիսյանը: Հենց նա է ակտիվորեն մասնակցում թիմի մարզումներին և հուշումներ տալիս տեխնիկական գոտուց: Ուստի բարդ է գնահատական տալ Լազորենկոյին:

Կազմը
«Արարատի» ներկայիս կազմը անչափ հետաքրքրաշարժ է մի շարք առումներով: Այստեղ կան հայ ֆուտբոլասերներին ծանոթ անուններ. ֆուտբոլիստներ, որոնց հետ ժամանակին մեծ հույսեր են կապվել՝ Արտակ Ալեքսանյան, Դավիթ Արշակյան, Զավեն Բադոյան…: Նրանց կողքին խաղում են դարձյալ հայտնի լեգիոներներ՝ Դավիդ Խուրցիձե, Կոնստանտին Մորոզով, Դենիս Դեդեչկո, Թայմուրազ Տոբոև: Հարկ է ընդգծել, որ լեգիոներներն են երևանյան թիմի տոն տվող ֆուտբոլիստները:
Իհարկե, առկա հայ ֆուտբոլիստները մշտապես ուշադրության կենտրոնում են և դա է «Արարատի» գլխավոր օգուտը ներկայիս ֆուտբոլին: Բացի այդ, կարող են լինել նոր բացահայտումներ, ի դեմս Դավիդ Դավիդյանի, ով շատ է եղել հայ մարզիչների հետաքրքրությունների առանցքում, և Արկադի Կալաջյանի:

Երիտասարդներին շանս տալու առումով «Արարատը» անելիքներ ունի. թիմում են հեռանկարային ֆուտբոլիստներ Ռազմիկ Հակոբյանը, Պողոս Այվազյանը, Ռուսլան Ավագյանը:
Կարելի է որպես ամփոփում նշել, որ «Արարատն» իր կազմով ունիկալ է:
Հայաստանի Գավաթ
«Արարատը», որը վերջին տարիներին Գավաթի խաղարկությունում շատ անհաջող է հանդես գալիս, դուրս է մնացել նաև ընթացիկից:
Հենց 1/8 եզրափակչում թիմը 0:1 հաշվով պարտվել է «Նոային»՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հայաստանի երբեմնի «ամենագավաթային» թիմերից մեկը (5-ակի գավաթակիր), մոտ 10 տարի է, ձախողվում է մրցաշարում:
Նույն «Արարատը» կամ «Հե՜յ, պարոններ, ականջ արեք»
Վալերի Հովհաննիսյանը փորձում է ոտքի հանել ակումբը: «Արարատը» մարտունակ թիմ է դարձել և այդտեղ երկու կարծիք չկա:

Գլխավոր հարցն այն է, թե որքան երկար կտևի այս ամենը և «Արարատի» պլանները որքան են հեռուն գնացող: Հովհաննիսյանը, այո, անում է իր գործը և դեռևս արդյունավետ, բայց ակումբի վերջին տարիներին ունեցած «դառը» փորձերից հետո (երբ օրինակ ակումբը փաստացի ղեկավարում էր Արկադի Անդրեասյանը, մարզիչներ էին փոխվում մեծ արագությամբ, թիմը մշտապես աղյուսակի ստորոտում էր…) պետք է բացառել վայրիվերումները:
Շարքի նախորդ մասերը. «Լոռի»՝ այստեղ, «Արարատ-Արմենիա»՝ այստեղ, «Ալաշկերտ»՝ այստեղ:
Արման Առաքելյան: