Ավարտվել է ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցել է ավելի քան 250 հայ մարզիչ և մարզչական կրթության եվրոպացի բարձրակարգ մասնագետներ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ- ի պաշտոնական կայքը:
Առաջինը ելույթ է ունեցել ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսել է նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR — Video assistant referee) մասին:

ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշել է, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:
Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսել է կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին:

Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսել են ինտեգրալ մարզումային գործընթացի մասին:

ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:
Օրվա վերջում փակման խոսքով հանդես է եկել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր է հանձնել ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը:
