Օրերս ՖԱ «Սևանը» ակումբի ֆեյսբուքյան էջում պաշտոնական հայտարարություն էր հրապարակել՝ անդրադառնալով հայկական ֆուտբոլում կատարվող վերջին մի քանի իրադարձություններին և հայտնել ակումբի դիրքորոշումը: Ակումբը նաև հայտարարության մեջ նշել էր, որ սխալվել է` առաջադրելով Կարեն Շաբոյանին ՀՖՖ գործկոմի անդամ. «Խնդրում ենք Կարեն Շաբոյանին իր հաջորդ հարցազրույցում նշել, թե քանի անգամ է այս ընթացքում հետաքրքրվել այն ակումբով, որի կողմից նա առաջադրվեց որպես ՀՖՖ գործկոմի անդամ: Թե քանի անգամ է հետաքրքրվել ակումբի առօրյայով, խնդիրներով կամ ծրագրերով»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Իր հերթին, Կարեն Շաբոյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՖԱ «Սևանի» հայտարարությանը, նշելով, որ «Սևան» ՖԱ-ի պնդումը, թե նա չի զբաղվել ակումբի խնդիրներով, իրականությանը չի համապատասխանում:
«Ես, ընտրվելով ՀՖՖ Գործկոմի անդամ, մշտապես ծառայել եմ հայկական ֆուտբոլի շահերին՝ փորձելով օգտակար լինել բոլոր ակումբներին և շահառուներին։ Հարկ եմ համարում նշել, որ իմ կարծիքով՝ գործկոմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է հետևել հենց այդ սկզբունքին։ «Սևան» ՖԱ-ի պնդումը, թե ես չեմ զբաղվել ակումբի խնդիրներով, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է Կարեն Շաբոյանի հայտարարության մեջ։
Նշենք, որ ՖԱ «Սևանը» հորդորել էր Կարեն Շաբոյանին դադարեցնել ՀՖՖ գործկոմի անդամի իր գործունեությունը. «Քաջ գիտակցում ենք և ցավում, որ չկա ՀՖՖ բարձրագույն գործադիր մարմնում ակումբի սեփական ներկայացուցչի անգործության համար հետկանչի իրավական ինստիտուտ, բայց միևնույն ժամանակ նշում, որ հարցի լուծման բարոյական կողմը դեռևս ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար հորդորում ենք Կարեն Շաբոյանին դադարեցնել ՀՖՖ գործկոմի անդամի իր գործունեությունը, քանի որ նույնիսկ իր թեկնածությունն առաջադրած սեփական ակումբի ճակատագրին և խնդիրներին անտարբերությամբ վերաբերվող անձը` չի կարող որևէ կերպ ներկայացնել ողջ հայկական ֆուտբոլի շահերը»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
«Վստահ եմ, որ «Սևան» ՖԱ-ի`իմ մասին արված հայտարարությունը հստակ ուղղորդված է։ 2020 թվականի մայիսից հանդիսանում եմ Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտեի անդամ։ Պայմանավորված խաղերը համարելով հայկական ֆուտբոլի համար չարորակ ուռուցք՝ իմ ուժերն եմ ներդրել դրանց բացահայտման ուղղությամբ… Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ այնուամենայնիվ, իրավունք ունեմ մտածելու, որ «Սևան» ՖԱ-ի հայտարարությունը կապ ունի նաև այդ հանգամանքի հետ»,- իր հայտարարությունում նշել է Շաբոյանը: