Հայաստանի երիտասարդական հավաքականը կրկին պայքարի բովում է:
Ֆլորեսի թիմն այսօր ու նոյեմբերի 17-ին կանցկացնի ընտրական փուլի հերթական 2 հանդիպում: Երևանում նախ կհյուրընկալենք Իռլանդիային, իսկ հետո հյուր կգնանք Իտալիա:
Նախորդ խաղերի արդյունքում ստեղծվել է պինդ թիմ, և ինչպես իտալացիների գլխավոր մարզիչն էր ասել՝ այս թիմը ոչ մեկի համար նվեր չի լինելու:
Հավաքականի հայտացուցակը.
Օրեր առաջ Անտոնիո Ֆլորեսը հրապարակեց հավաքականի ցանկը: Կազմում ոչ մի արտառոց բան չկար, բացի նրանից, որ կրկին հավաքական չի հրավիրվել «Լոռիի» հիմնական դարպասապահ Վարդան Շահատունին:
Ու՞մ կտեսնենք դարպասում.
Նախորդ 4 խաղում Ֆլորեսը դարպասը վստահեց Սևակ Ասլանյանին և «Փյունիկի» դարպասապահը իրեն շատ լավ դրսևորեց, մասնավորապես՝ վերջին 2 խաղում: Այնպես որ, այս դիրքում, ըստ ամենայնի, կլինի Ասլանյանը:

Խնդրահարույց է պաշտպանության կենտրոնը.
Պաշտպանության կենտրոնում նախորդ 2 խաղում մարզիչը ստեղծել էր Խաչումյան-Դանիելյան տանդեմը: Դանիելյանը հրավեր է ստացել նաև Ազգային հավաքականից, և կարելի է ենթադրել, որ առաջին խաղում Դանիելյանը կլինի Աբրահամ Խաշմանյանի տրամադրության տակ, քանի որ որակազրկված է Վարազդատ Հարոյանը: Խաչումյանի կողքին, կարելի է ենթադրել, որ կլինի Հովհաննես Նազարյանը: Նազարյանը վերջերս է ապաքինվել վնասվածքից և վաղուց ֆուտբոլ չի խաղացել: Ընտրական փուլի առաջին 2 խաղում խաղաց հենց Խաչումյան-Նազարյան դուետը, և 2 խաղում բաց թողեցինք 7 գնդակ, իսկ վերջին 2 խաղում, երբ Խաչումյանի կողքին Դանիելյանն էր, Ասլանյանը միայն մեկ անգամ ստիպված եղավ գնդակ հանել սեփական դարպասից:
Պաշտպանության եզրերում կան ընդգծված առաջատարներ.
Ոչ մի կասկած չկա, որ պաշտպանության աջ եզրում կլինի «Լոռիից» Արման Մկրտչյանը, իսկ ձախ պաշտպանի պարտականությունները կկատարի Էդգար Գրիգորյանը:

Հենակետային գոտում կա խաղ կառուցող ու քանդող 2 տաղանդ.
Հենակետային գոտին Ֆլորեսը պետք է որ վստահի Հովհաննես Հարությունյանին և Ռուդիկ Մկրտչյանին: Նրանց համագործակցությունն ու կատարած աշխատանքը Իտալիայի դեմ խաղում ամենաբարձր մակարդակի վրա էր:

Հարձակման գիծը, ըստ ամենայնի, կունենա հետևյալ տեսքը.
Հարձակման գծում դաշտ դուրս կգան Վահան Բիչախչյանը, Արմեն Նահապետյանը, Կարեն Մելքոնյանն ու Արմեն Հովհաննիսյանը: Բիչախչյանը կկատարի ենթահարձակվողի պարտականություններ: Շատ հաճախ Բիչախչյան-կրտսերը կնահանջի ու խաղը կառուցողի պարտականություններն իր վրա կվերցնի: Աջից ու ձախից կգործեն Նահապետյանն ու Մելքոնյանը, իսկ հարձակման կրակագծում կհերթապահի Արմեն Հովհաննիսյանը:

Իսկ Աբրահամ Պորտուգալյա՞նը.
Հարձակման գծում պետք չէ բացառել նաև Աբրահամ Պորտուգալյանի թեկնածությունը: Ֆուտբոլիստը հանդես է գալիս բարձրագույն խմբում հանդես եկող «Երևանում»: Ճիշտ է , ակումբը գտնվում է խորը անդունդում, սակայն Պորտուգալյանի խաղն առանձնանում է:
Ի՞նչ ճանապարհ ենք անցել այս ընտրական փուլում.
Ընտրական փուլը մեր հավաքականը սկսեց իռլանդացիների հետ դիմակայությունով: Լարված պայքարում Անտոնիո Ֆլորեսի սաները պարտվեցին 0-1 հաշվով:
Հանդիպումը մերոնց համար մեկնարկայինն էր ընտրական փուլում: Այդ խաղով Անտոնիո Ֆլորեսը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց հավաքականի ղեկին: Խաղում հավաքականի գլխավոր մարզիչը նաև մի շարք փորձարկումներ արեց՝ կազմը վերջնականացնելու համար: Մի քանի օր անց մեր թիմը հյուրընկալվեց Իսլանդիային: Այդ խաղում գրանցվեց ջախջախիչ պարտություն: Մեր ընտրանու կենտրոնական հարձակվող Գերման Կուրբաշյանը 71-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից և դրանից հետո առանց ակումբ մնացած ֆուտբոլիստը չի հրավիրվում հավաքական: Իսլանդիան այդ խաղում հաղթեց 6-1 հաշվով: Հեղինակության գոլն իր հաշվին գրանցեց Կարեն Մելքոնյանը:
1 ամիս առաջ խմբային փուլի երրորդ տուրում հայ երիտասարդները Գյումրիում՝ 2-0 հաշվով առավելության հասան Լյուքսեմբուրգի հասակակիցների նկատմամբ: Գոլերը խփեցին Արթուր Դանիելյանն ու Ռուդիկ Մկրտչյանը:
3 օր անց ՀՖՖ տեխնիկական կենտրոնում մերոնց լուրջ փորձություն էր սպասվում: «Սկուադրա աձուրան» եկել էր Երևան 3 միավորի հետևից: Հայ երիտասարդները ամբողջ խաղի ընթացքում հավասար պայքար մղեցին իտալացիների դեմ, բայց պարտվեցին 0-1 հաշվով: Խաղի ընթացքում գոլ խփելու հիանալի հնարավորություններ ունեցան Ռուդիկ Մկրտչյանը, Վահան Բիչախչյանն ու Կարեն Մելքոնյանը, բայց մարզական բախտն այդ երեկո իտալական հագուկապ ուներ:

Կայացած 4 խաղից հետո Անտոնիո Ֆլորեսի թիմը վաստակել է 3 միավոր ու աղյուսակում 5-րդն է: Հայ երիտասարդները խփել են 3, ընդունել՝ 8 գնդակ: Սակայն մի փաստ ակնառու է. վերջին 2 խաղում հայ երիտասարդները արժանապատիվ ֆուտբոլ խաղացին, և եթե առաջին 2 տուրից հետո կային բողոքներ՝ կապված երիտասարդականի խաղի որակի հետ, ապա վերջին 2 հանդիպումից հետո դժգոհությունների ալիքը մարեց, քանի որ վերջապես տեսանք գրագետ ֆուտբոլ: Ֆուտբոլիստների խաղում կար տենչ, ցանկություն ու հաղթանակի հասնելու ձգտում:
Երիտասարդական հավաքականը մոտ ապագայում, կամա թե ակամա, պետք է լինի ազգայինի կորիզը: Դժվար թե կարողանանք արտասահմանից դաշտում մաքառող Մխիթարյաններ ու Մովսիսյաններ գտնենք, դարպասը՝ պետական սահմանի պես հսկող Բերեզովսկիներ ու Կասպարովներ գտնենք: Մեր ապագան պետք է փնտրենք մեր երիտասարդների մեջ: Ունենք այն, ինչ ունենք: Պարզապես պետք է պահպանել ունեցածն ու փորձել այն հասցնել կատարելության: Կստացվի, թե՞ ոչ. դա արդեն հարցի մյուս կողմն է:
Հիմա պետք է ազգովի աջակցենք մեր երիտասարդներին: Վստահ եմ, նրանք մեզ ուրախանալու առիթներ դեռ կտան:
Արմեն Գարամյան