Բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լոնդոնի «Չելսին» ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռանալու որոշումն արդեն կայացվել է և կհաստատվի մոտ ժամանակներս։ Հունվարին Սիլվան մերժել է «Չելսիի» նոր պայմանագրի առաջարկը։ Հաղորդվում է նաև, որ «Ֆլումինենսեն» վաղուց է հետաքրքրված Տիագոյով։
39-ամյա բրազիլացի խաղացողը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։ Սիլվան «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան 2021 թվականին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Տիագո Սիլվան ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 32 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։