«Արարատի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի նորեկ Ալիկ Առաքելյանի մամուլի ասուլիսը հուլիսի 8-ին կայանալիք Եվրոպայի Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության «Ֆեհերվարի» դեմ արտագնա հանդիպումից առաջ։
— Ալիկ, 13 տարվա ընդմիջումից հետո «Արարատը» կրկին եվրոպական ասպարեզում է։ Դուք՝ որպես թիմի նորեկ, վաղը հնարավոր է անցկացնեք Ձեր առաջին պաշտոնական հանդիպումը․ ի՞նչ զգացողություններ ունեք կապված այս ամենի հետ ու արդյոք պարտավորեցնո՞ղ է խաղալ «Արարատի» մարզաշապիկով, այն էլ նոր թիմում առաջին հանդիպումն անցկացնել այս մակարդակում։
— Շատ ուրախ եմ, որ «Արարատի» մի մասնիկն եմ կազմում։ Սա պարտավորեցնող է, որ 13 տարի անց թիմը կրկին խաղում է եվրոպական ասպարեզում։ Փորձելու եմ բոլոր ուժերս ներդնել, որպեսզի թիմը հասնի հաջողության։
— Ըստ Ձեզ`որքանո՞վ եք Դուք պատրաստ վաղվա խաղին` հաշվի առնելով այն, որ մոտ 2 շաբաթ առաջ եք միացել թիմին ու կարող է խաղակցվածության խնդիր լինել:
— Մարզումների ժամանակ գրեթե հասկացել եմ, թե ինչ է պահանջվում ինձնից դաշտում, հասկացել եմ մարզչի ցուցումները։ Մասնակցել եմ երկու ընկերական խաղի, կփորձեմ ամբողջովին ադապտացվել թիմին և օգտակար լինել։
-Ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին։
-Ուսումնասիրել ենք մրցակցին, շատ լավ թիմ է` լավ ֆուտբոլիստներով համալրված։ Կփորձենք խաղալ մեր խաղը և հասնել դրական արդյունքի։