«Հետևանքները շատ ծանր կարող են լինել մեզ համար, որովհետև եթե մենք մինչև այդ միջադեպը գործնականում ստացել էինք հաջորդ տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը, հիմա այն մեծ հարցականի տակ է»: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ մեկնաբանելով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ գրանցված միջադեպը՝ Ադրբեջանի դրոշն այրելու և բեմահարթակից հեռացնելու հետ կապված:
«Չգիտեմ՝ ինչ ջանքեր պետք է գործադրենք, որ կարողանանք ապացուցել՝ մենք կարող ենք անցկացնել 2024 թվականի աշխարհի առաջնությունը: Հիմա շատ կարևոր է, որ Եվրոպայի առաջնության սպորտային մասն առանց միջադեպերի անցնի, և խնդիրներ չառաջանան: Այդ դեպքում գուցե մենք կարողանանք համոզել մեր գործընկերներին և մեզ համար այդ կարևոր առաջնությունը բերենք Հայաստան»,- շարունակում է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների ղեկավարներն ու հյուրերը պարզապես հիացած են եղել բացման շքեղ արարողությամբ. «Եվրոպայի և Միջազգային ֆեդերացիաների ղեկավարները ցնցված էին բացման արարողությամբ, բոլորը մեկ մարդու պես, բայց արարողությունից հետո ասացին, որ եթե այդ միջադեպը չլիներ, իրենք մեզ շնորհավորելու համար բառեր չէին գտնի:
Բայց, միևնույն է, ասում են, որ շատ ճաշակով էր, բարձրակարգ էր ու շքեղ: Հիմա էլ մրցումային դահլիճն են նայում և հիացած են: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդի օգնականներն ասում են՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողության հետ են փորձում համեմատել մեր կազմակերպած արարողությունը: Ասում են՝ ձեր մյուս մրցաշարերն ինչպե՞ս եք կազմակերպելու, որ զարմացնեք: Աստված տա՝ կարողանանք ապահովել սպորտային միջոցառման անվտանգ և անխափան անցկացումը»:
Ադրբեջանի պատվիրակությունն արդեն հեռացել է Հայաստանից: Կարեն Գիլոյանի խոսքով՝ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչն ու պատվիրակության ղեկավարները ցանկացել են մնալ և մասնակցել Եվրոպայի առաջնությանը, սակայն իրենց երկրից հրահանգ են ստացել հեռանալու:
«Երեկ՝ միջադեպից հետո, խոսել եմ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի, պատվիրակության ղեկավարի և մասնակիցների հետ: Որևէ խնդիր չեն տեսել, շնորհակալ են եղել, որ իրենց ֆիզիկական անվտանգությունն ամբողջովին ապահովված է: Ասել են, որ պատրաստ են մասնակցել, բայց իրենց երկրից վերադառնալու հրահանգ են ստացել»,- շեշտում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ընդգծում՝ ոչ միայն Արդբեջանի, այլև բոլոր երկրների ներկայացուցիչների անվտանգությունն ապահովել ենք և ապահովում ենք:
«Այդ միջադեպը նրանց ֆիզիկական անվտանգության հետ որևէ աղերս չունի: Դա ուղղակի առիթ էր իրենց համար և պատրվակ, որպեսզի ցեխ շպրտեն մեր այսքան շքեղ առաջնության վրա, որպեսզի ստվերեն փայլը, որ մենք աշխարհով մեկ ցույց տվեցինք: Եվ հետո, հավանաբար կսկսեն ասել, որ իրենք կարող էին մեդալներ նվաճել Երևանում, բայց ես պաշտոնապես ասում եմ, որ այդ հավաքականն այստեղից մեկ փոքր մեդալ չէր կարող նվաճել»,- նշում է Կարեն Գիլոյանը:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք կանխատեսե՞լ էինք, որ նման միջադեպ կարող է գրանցվել դրոշներով շքերթի ժամանակ և որքանո՞վ էինք դրան պատրաստվել՝ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ կյանքում կան իրավիճակներ, որ անհնար է կանխատեսել և բացառել. «Ունենք այն, ինչ ունենք: Մեր արտասահմանցի գործընկերներն ասում են՝ լավ է, որ որևէ մեկը ֆիզիկապես չի տուժել, մարդկային վնասվածքներ չունենք: Իսկապես, ամենակարևորը դա է»:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել, որով հայտնում էին, որ իրենց ծանրորդները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ու հեռանում են Հայաստանից։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը փորձել էր այրել Ադրբեջանի դրոշը, ապա այն հեռացրել էր բեմահարթակից։ Ավելի ուշ, սակայն, անվտանգության աշխատակիցները դրոշը վերադարձրել էին հարթակ։