Սաուդյան Արաբիան մտադիր է զարգացնել ազգային ֆուտբոլը: Երկրի Հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), որն աշխարհում ամենահարուստներից մեկն է և վերահսկվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի կողմից (տնօրինում է 430 միլիարդ դոլարի ակտիվներ), 2,3 միլիարդ դոլար է հատկացրել սաուդյան ակումբներին հովանավորելու համար:
Սա կարող է դիտվել որպես Սաուդյան Արաբիայի հերթական քայլը` զարգացնելու ֆուտբոլը երկրում և միջազագային հարթակում մրցակցային լինելու համար: Ավելի վաղ Սաուդյան Արաբիան Եգիպտոսի և Հունաստանի հետ համատեղ հայտ էր ներկայացրել 2030 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար, իսկ մեկ տարի առաջ PIF-ը ձեռք բերեց անգլիական «Նյուքասլը»:
Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը 2,3 մլրդ դոլար կհատկացնի ֆուտբոլային ոլորտի զարգացմանը, հաղորդում է Financial Times-ը։ Այդ գումարի գերակշիռ մասը կուղղվի ակումբային ֆուտբոլի զարգացմանը։ Այս ներդրումները Սաուդյան Արաբիայի չափանիշներով շատ համեստ են․ համեմատության համար նշենք, որ հիմնադրամը մտադիր է 38 մլրդ դոլար ծախսել էլեկտրոնային սպորտի զարգացման վրա։
Այս բոլոր ներդրումները մաս են կազմում դեռևս 2016 թվականին ընդունված Vision-2030 պետական ռազմավարության, որի հիմնական նպատակներն են փոխել միջազգային իմիջը։
Ֆուտբոլում ներդրումներ կատարելը շատ արդարացված է թվում, քանի որ այն մեծ պահանջարկ ունի Սաուդյան Արաբիայում։ Երկիրն ունի իր առաջնությունը, որում խաղում են 16 թիմեր։ Ամենատիտղոսակիրները մայրաքաղաքի «Ալ-Հիլալ»-ը, «Ան-Նասր»-ն ու Ջիդայի «Ալ-Իթթիհադ»-ն են։
Սաուդյան ակումբներում շատ քիչ են արտասահմանցի խաղացողները։ Պատճառը լեգեոներների սահմանափակումն է. թիմում կարող են խաղալ արաբական աշխարհի հինգ ներկայացուցիչներ և ևս երեք խաղացողներ այլ երկրներից։ Ազգային լիգայի լավագույն երեք ակումբները նվաճում են Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Տիտղոսների ընդհանուր քանակով այս մրցաշարում կրկին առաջատար է «Ալ-Հիլալ»-ը։
Սակայն ազգային հավաքականի գործերը այնքան էլ լավ չեն. թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 51-րդ տեղը։ Քաթարի Աշխարհի առաջնությանը մասնակցող թիմերից ավելի ցածր վարկանիշ ունի միայն Գանայի հավաքականը (61-րդ հորիզոնական): Սաուդցիների լավագույն ձեռքբերումը դեռևս 1994 թվականին ԱՄՆ-ում կայացած մրցաշարի մեկ ութերորդ եզրափակիչ մտնելն է, որտեղ նրանք պարտվեցին շվեդներին։
Ներկայում Սաուդյան Արաբիան մեծ ջանքեր է գործադրում միջազգային ֆուտբոլային շուկայում իր ներկայությունը մեծացնելու համար։ 2019 թվականին երկիրը պայմանագիր է կնքել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը 120 միլիոն եվրոյի դիմաց համաձայնվել է առաջիկա երեք տարիներին Սաուդյան Արաբիայի մարզադաշտերում անցկացնել Սուպերգավաթի հանդիպումները (այնուհետև պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2028 թվականը)։ Այնտեղ անցկացվում են նաև Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումները։