Հուլիսի 5-ին «Փյունիկը», որն այս մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը, մեկնարկելու է Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։ Այս հանդիպմանն ընդառաջ ArmSport-ը զրուցել է երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ՝ թիմի ներկայի և ապագայի, ինչպես նաև հայկական ֆուտբոլին առընչվող տարբեր թեմաների մասին։
-Պարո՛ն Սողոմոնյան, ո՞րն է եղել Ձեր առաջնային նպատակը «Փյունիկը» ձեռք բերելու օրվանից։
— Ես հիասթափված էի հայկական ֆուտբոլի մակարդակի անկումից, հիմնական խնդիրը տեսնում էի երիտասարդ ֆուտբոլիստների վատ պատրաստվածության մեջ։ Ինքս ինձ համար որոշեցի փորձել շտկել այդ իրավիճակը, դրա համար էլ եկա հայկական ֆուտբոլ։ Սկզբում նախատեսում էի զբաղվել միայն մանկապատանեկան ֆուտբոլով, սակայն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը գնելու առաջարկից հետո սկսեցի մի ամբողջ ակումբ կառուցել։ Իմ հիմնական նպատակը Հայաստանում եվրոպական մակարդակի լուրջ ակումբ ստեղծելն է։ Ակումբը պետք է ներառի ակադեմիա, ֆուտբոլիստների վերապատրաստում և դաստիարակություն և, իհարկե, հիմնական թիմը, որտեղ հիմնականում պետք է խաղան մեր սաները:

— Դուք արդեն 5 տարի է, ինչ ձեռք եք բերել ակումբը․ այս չեմպիոնությունը Ձեզ համար ուշացա՞ծ էր, թե՞ ամեն ինչ Ձեր պատկերացրածի պես է ընթանում։
— Ամեն մրցաշրջանում մենք նպատակ ենք դնում հաղթել առաջնությունը, և ակումբը մոտ էր դրան 2019 թվականին։ Բայց ճիշտն ասած, կարծում եմ, որ ամեն ինչ տեղի ունեցավ իր ժամանակին։ Հենց այս մրցաշրջանում մենք հասանք մեր նպատակին, հավանաբար, դա ճիշտ էր, մենք դրան պատրաստ էինք առավելագույնս։ Ինձ համար սա միայն առաջին փուլն է, շատ կարևոր, առանց որի հետագա առաջընթաց չի լինի։ Բայց սա, իհարկե, մեր վերջնական նպատակը չէ, որի վրա կանգ կառնենք։
— Ո՞րն է Ձեր հաջորդ նպատակը կամ ծրագիրը։
— Եթե խոսենք սպորտային նպատակների մասին, ապա դա, իհարկե, եվրոպական մրցաշարերում հանդես գալն է։ Մեր նպատակն է առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ դուրս գալը։
Բայց ինչ վերաբերում է ակումբի ծրագրերին, ապա հիմնական գործընթացը, որը շատ ժամանակ կպահանջի, լուրջ ակադեմիայի ստեղծումն է։ Ակադեմիա, որի բոլոր գործընթացները կլինեն դասակարգված և կազմակերպված ժամանակակից ձևով, քանի որ ֆուտբոլը վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Իմ կարծիքով, Հայաստանում այս առումով մեծ աշխատանք է պահանջվում, և ամեն ինչ պետք է սկսել միասնական հիմքից։ Դա շատ բարդ գործընթաց է, այստեղ չկան մանրուքներ, մենք հիմա աշխատում ենք դրա վրա, բայց դա արագ գործընթաց չէ։
Մեր սաները, ովքեր այժմ հայտնվել են ակադեմիայում, 6-7 տարեկանից ընդգրկվում են ակումբային համակարգում, և որքան ուշ ակումբը սկսի վերը նշված գործընթացները, այնքան ավելի ուշ կլինի։ Կարծում եմ, որ երկու-երեք տարի հետո «Փյունիկում» կտեսնենք ուժեղ խաղացողների, ովքեր անցել են սեփական դպրոցը։ Իսկ երկարաժամկետ տեսանկյունից այս գործընթացը երկար տարիներ կտևի, և մենք դեռ շատ անելիքներ ունենք։
— Առաջնության ո՞ր պահից համոզվեցիք, որ «Փյունիկն» է լինելու չեմպիոնը, թե՞ մինչև վերջ մտավախություն կար։
— Գիտեք, այս առաջնությունը և այս մրցաշրջանն ինձ համար արժեքավոր են, քանի որ մենք կարողացանք բնավորություն ցույց տալ, որ ոչ միայն թիմ ենք եղել, այլ նաև ակումբ։ Ամբողջ ակումբն աշխատել է չեմպիոն դառնալու համար, բոլորը մեկ թիմ էին՝ ֆուտբոլիստներից մինչև մաքրուհին, ով դույլով ջուր էր լցնում ավտոբուսի հետևից, երբ թիմը գնում էր հանդիպումներին, մեր երկրպագուները, ովքեր աջակցում էին թիմին բոլոր հանդիպումներում, ակադեմիայի սաները բոլոր խաղերում ակտիվորեն երկրպագում էին առաջին թիմին, տնօրինությունը շատ լավ աշխատանք կատարեց․ այս ամենը միասին էլ մեզ տարավ դեպի չեմպիոնություն։ Մրցաշրջանի առաջին հատվածից հետո թիմը առաջատարից հետ մնաց 8 միավորով, ու մենք հասկացանք, որ հաջորդ հանդիպումներում, թեկուզ մեկ պարտության պատճառով, կարող ենք մոռանալ չեմպիոնության մասին։
Մենք այն անվանեցինք 17 եզրափակիչ, և այդ 17 հանդիպումներում մենք տարանք 13 հաղթանակ և չորս ոչ-ոքի: Եվ սա ամբողջ ակումբի, առաջին հերթին, իհարկե, մարզչական շտաբի, ակումբի ղեկավարության աշխատանքի արդյունքն էր։ Բայց ինձ համար ամենաարժեքավորն այն էր, որ մենք հանդես էինք գալիս որպես մեկ միասնական թիմ. մրցաշրջանի երկրորդ հատվածում խաղադաշտում ոչ թե 11 խաղացող ունեինք, այլ շատ ավելին։
Չեմպիոնական խաղն ու պարգևատրման արարողությունը
Տեսանյութը՝ ՖԱ ՓՅՈՒՆԻԿ
— Ինչ-որ պահանջ դրե՞լ եք թիմի առջև Չեմպիոնների լիգայում։
— Մեզ համար սա մեծ մարտահրավեր է։ Ինձ համար սա առաջին փորձն է Չեմպիոնների լիգայում, և սա մեծ պատասխանատվություն է։ Գիտեք՝ մեզ ուժեղ մրցակից է բաժին հասել՝ «Կլուժը», որը 5 անգամ անընդմեջ դարձել է Ռումինիայի չեմպիոն։ Սա ուժեղ ակումբ է՝ մեծ բյուջեով։ Բայց չէի ասի, որ դա մեզ վախեցնում է։ Այս ընթացքում, ինչ ես ձեռք եմ բերել ակումբը, մենք արդեն ունեցել ենք հաղթելու փորձ այն ակումբներին, որոնց բյուջեն տասն անգամ գերազանցում էր մերը։ Ինձ դուր է գալիս մեր մարզչական շտաբի մոտեցումը, որը նույնպես չի վախենում նման մրցակցությունից, ընդհակառակը՝ սա մեծ հավակնություններ է առաջացնում։ Մեր մարզիչն ինձ ասաց, որ այնքան սկզբունքային չէ, թե ով է մրցակիցը, առավել կարևոր է, թե որքան շուտ կհասցնենք պատրաստվել այս խաղերին։ Հենց այս տրամադրվածությամբ ենք մոտենում առաջիկա խաղին։ Սպասում ենք նաև երկրպագուների աջակցությանը, քանի որ հենց դա է տալիս տնային խաղին առավելություն, և սա նույնպես կարող է իր դերը խաղալ նման ուժեղ մրցակցի հետ խաղում։ Շատ եմ ցանկանում, որ երկրպագուները գան այս խաղին և սատարեն այս մրցաշրջանի Հայաստանի չեմպիոնին։
— Խորհուրդներ տալի՞ս եք մարզչական շտաբին, խաղացողներին․․․ եթե այո՝ ի՞նչ խորհուրդներ եք տալիս։
— Մենք հաճախ ենք շփվում, բայց, ավելի շուտ, իմ խորհուրդներն այնքան էլ կապված չեն ֆուտբոլի հետ, այլ վերաբերում են փիլիսոփայությանը, արժեքներին, առաջնահերթություններին։ Մենք հիմնականում այս թեմաներով ենք խոսում։ Ինչ վերաբերում է բուն ֆուտբոլին, ես ինքս Եղիշե Մելիքյանից և մարզչական շտաբից շատ բան եմ սովորում, իմ տեսանկյունից սա շատ պրոֆեսիոնալ թիմ է, և նրանք իրենց հետ շատ բան բերեցին «Փյունիկ»։ Ես էլ ունեմ իմ խորհուրդները, շփվում ենք, կիսվում եմ նաև իմ փորձով, քանի որ այս ակումբն ինձ շատ հարազատ է։ Բայց իմ խորհուրդները ավելի շուտ վերաբերում են ոչ թե ֆուտբոլին կամ թիմի կազմին, այլ մեր բոլոր գործընթացների փիլիսոփայությանն ու մոտեցմանը:
-Չեմպիոն դառնալուց հետո «Փյունիկի» կազմում մեծ թվով փոփոխություններ եղան․ ո՞րն էր պատճառը։
— «Փյունիկի» ադմինիստրացիայում կադրային փոփոխություններ չեն եղել, ոչ ոք չի լքել ակումբը, ավելին՝ ակումբի համակարգն ուժեղացնելու համար ակումբին կմիանա ևս մի քանի մասնագետ։ Այս առումով մենք առաջընթաց ունենք։
Ինչ վերաբերում է կազմում փոփոխություններին, ապա ես բախվեցի մի խնդրի, որն ինձ համար մի փոքր անսպասելի էր, բայց այն առկա է հայկական ֆուտբոլում։ Երբ չեմպիոն ես դառնում, հետաքրքրությունը քո խաղացողների նկատմամբ կտրուկ աճում է, այդ թվում՝ դրսից։ Եթե նրանց պայմանագրերը ավարտվում են, ապա նրանց պահելը շատ դժվար է դառնում, ֆուտբոլիստները ստանում են շատ բարձր ֆինանսական առաջարկներ, որոնք մենք դեռ չենք կարող մեզ թույլ տալ։
Իսկ տրանսֆերային պատուհանի սկզբում նոր խաղացողներ գտնելը շատ դժվար է երկու պատճառով։ Նախ, տրանսֆերային պատուհանը նոր է բացվել, որակյալ խաղացողները չեն շտապում, դեռ սպասում են ավելի լուրջ ֆինանսական առաջարկների, երկրորդ, ցավոք սրտի, մեր առաջնությունն այնքան էլ գրավիչ չէ շատ խաղացողների համար։ Բայց մեզ հաջողվեց ուժեղացնել թիմը Չեմպիոնների լիգայի համար, սակայն տրանսֆերային շուկայում մեր աշխատանքը դեռ ավարտված չէ, և թիմը պատրաստ է առաջիկա հանդիպումներին։ Կարծում եմ, որ թիմին կմիանան ևս մի քանի նոր խաղացողներ և կօգնեն «Փյունիկին» կրկին պայքարել ավելի բարձր նպատակների համար։
— Հաջորդ հարցը վերաբերում է լեգիոներների լիմիտին։ Ինչպե՞ս եք դուք վերաբերում լիմիտին և կարո՞ղ է դա օգուտ տալ հայկական ֆուտբոլին։
— Լեգիոներների լիմիտը երկու կողմ ունեցող մեկ մեդալ է: Կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Իմ կարծիքով, և ես դա ասել եմ նաև Ֆեդերացիայի հետ հանդիպման ժամանակ՝ ներկայիս լիմիտը պետք է դիտարկել, սպասել, տեսնել արդյունք կտա՞, նոր միայն շարժվել առաջ։ Իմ տեսանկյունից լիմիտն անհրաժեշտ է, այլապես ֆուտբոլն իրականում ազգային չի լինի, բայց այս հարցում պետք է զգույշ առաջ շարժվել, քանի որ կան բազմաթիվ «ջրի տակ գտնվող քարեր», որոնք առաջին հայացքից անտեսանելի են և կարող են ավելի շատ վնասել, քան օգուտ տալ։
Վառ օրինակ՝ արտասահմանցի խաղացողների լիմիտի գործարկումից հետո Ռուսաստանը չկարողացավ որևէ լուրջ հաջողության հասնել միջազգային ասպարեզում՝ լինի ազգային հավաքականի, թե ակումբների մակարդակով։ Իսկ մինչ այդ Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ Եվրոյի կիսաեզրափակիչ, երկու ակումբներ նվաճեցին եվրագավաթներ (ԲԿՄԱ-ն ու Զենիթը): Եվ շատերը դա պայմանավորում են նրանով, որ լիմիտը բացասական ազդեցություն է ունեցել։
Հիմնական մտահոգությունները կապված են այն փաստի հետ, որ լեգիոներների սահմանափակումը նվազեցնում է մրցակցությունը և, համապատասխանաբար, մոտիվացիան հայ ֆուտբոլիստների շրջանում։ Սա կնվազեցնի ինչպես մեր խաղացողների, այնպես էլ ողջ հայկական ֆուտբոլի առաջընթացը։
Եթե ամփոփենք, ապա կարծում եմ, որ ներկայիս լիմիտը նորմալ է, պետք է դեռ մի քանի տարի այն պահպանել, որպեսզի տեսնենք, թե դա ինչ է տալիս մեզ, և դրանից հետո նոր որոշումներ կայացվեն այն խստացնելու համար։ Ես գիտեմ, որ նման ցանկություն կա, բայց ես ինքս կողմ եմ արտահայտվել այս հարցում չշտապելուն, քանի որ դա կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև վնասել։
— Ի՞նչ խնդիրներ են առկա հայկական ֆուտբոլում և մեր առաջնությունում։
— Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլի հետ կապված խնդիրներին, ապա կարծում եմ, որ Հայաստանում փաստացի կորել է ֆուտբոլիստների՝ առաջին հերթին որպես մարզիկի, իսկ հետո՝ որպես ֆուտբոլիստի պատշաճ պատրաստման ու կրթության գործընթացը։
Այս առումով մենք շատ հետ ենք մյուս երկրներից։ Խոսքը ոչ միայն խաղացողների ֆուտբոլային որակների, այլև բնավորության, կամքի, ֆիզիկական դաստիարակության մասին է։ Սա բազմահարթակ գործընթաց է, և, ցավոք, շատ դժվար է այն իրականացնել Հայաստանում։ Նախ՝ ունենք շատ թույլ ենթակառուցվածք, շատ քիչ խաղադաշտեր, և հատկապես ֆուտբոլիստների համար բավարար վերականգնողական համալիրներ չկան։ Լուրջ ծանրաբեռնվածությունից հետո մարմինը պետք է վերականգնվի, հակառակ դեպքում հոգնածությունն իրեն զգացնել կտա, կլինեն վնասվածքներ կամ խաղացողի առաջընթացի արգելակում։ Այս առումով Հայաստանում լուրջ խնդիրներ կան։ Մենք ինքներս բախվել ենք այդ խնդիրներին, և հիմա միանշանակ ներդրումներ ենք կատարում համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար։
Դիտարկենք հավաքականի խաղը. իհարկե, վերջերս երբեմն մեր հավաքականը մեզ ուրախացնում է, բայց եթե նայեք, թիմի առաջատարները հիմնականում դրսից են՝ արտասահմանում ֆուտբոլային կրթություն ստացած հայ ֆուտբոլիստներ, նատուրալիզացված խաղացողներ։ Երիտասարդ խաղացողներից կարող եմ առանձնացնել միայն տեղի դպրոցն անցած Բիչախչյանին, հուսով եմ, որ մեր սան Հովհաննես Հարությունյանը նույնպես իրեն կդրսևորի հավաքականում։ Այժմ Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում, և մենք տեսնում ենք, որ երիտասարդ խաղացողների հետ կապված որոշ հարցեր կան։
Ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, ապա այստեղ նույնպես մեծ աշխատանք կա անելու։ Անկեղծ ասած, դեռ չեմ կարող ասել, որ այստեղ ամեն ինչ քաղաքակիրթ է, ինչպես պետք է լինի մարզական մրցումներում, բայց դրական փոփոխություններ եմ տեսնում։ Օրինակ, այս մրցաշրջանում մրցավարական սխալները չազդեցին մրցաշարի վրա, ես կողմնակալություն չտեսա, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիային։ Նախկինում հայկական ֆուտբոլում տեսնում էի այս գործընթացները, բայց այս մրցաշրջանում, իմ կարծիքով, մեծ սկանդալներ, բացահայտ վերաբերմունք չեղավ։ Սա արդեն մեկ քայլ առաջ է։ Հաջորդ տարվանից խոստացել են ներդնել VAR համակարգը, սա հերթական առաջընթացն է լինելու, սա անհրաժեշտ է։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները։ Բայց ընդհանուր առմամբ դեռ շատ աշխատանք կա անելու։ Շատ կարևոր է, որ առաջնությունը լինի քաղաքակիրթ։ Դա պետք է լինի առաջին հերթին մարզական մրցաշար։ Սա, ի թիվս այլ բաների, կնպաստի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, երիտասարդ ֆուտբոլիստները կտեսնեն, որ հաղթում է ուժեղագույնը։
— Գրեթե ամեն տարի Հայաստանում բացվում-վերաբացվում են նոր ակումբներ, սակայն մեկ-երկու մրցաշրջան հետո որոշ ակումբներ հայտարարում են փակվելու կամ մրցաշարերից դուրս գալու մասին։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ։
— Անկեղծ ասած, դա ինձ նույնպես շատ է վրդովեցնում: Որովհետև վերջերս մարզերից մի քանի թիմեր լքեցին մրցաշարը։ Շատ եմ ուզում, որ ֆուտբոլը զարգանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում, և ինձ ուրախացնում էր, որ այնտեղից էլ թիմեր կային։ Իմ կարծիքով, այս խնդրի երկու պատճառ կա. առաջինը, ով ցանկանում էր զարգացնել ֆուտբոլը, հավանաբար չէր սպասում, որ կբախվի այդքան շատ խնդիրների։ Որովհետև, որպեսզի ֆուտբոլում ներդրումներ անես, առաջին հերթին պետք է ֆուտբոլն ավելի շատ սիրես, քան փողը։ Այս ամենը ստեղծվում է ոգևորությամբ և ֆինանսական ներդրումներով՝ առանց վաստակելու հնարավորության։ Մեկ այլ խնդիր է ներքին բազմաթիվ հակասությունները՝ երբեմն սեփականատերերի, ակումբների ղեկավարների և ֆեդերացիայի միջև: Իմ կարծիքով, տարաձայնություններ միշտ կլինեն, բայց պետք է սովորել դրանք լուծել քաղաքակիրթ ձևով, ինչ-որ մեկը դրա համար բավարար կամք կամ համբերություն չի ունեցել:
— Ի՞նչ կարծիքի եք Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ստեղծման մասին:
— Իմ կարծիքով, սա անհրաժեշտ քայլ է Հայաստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման գործում։
Այս հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է։ Բայց եթե անկեղծ լինենք, մեր ակումբների ղեկավարներն ու սեփականատերերը դեռ պատրաստ չեն միասնական, ճիշտ կանոններ մշակել և պայմանավորվել այդ կանոնների խստիվ կատարման շուրջ: Պետք է հարգանքով վերաբերվել նաև հայկական ֆուտբոլին։ Ինձ ծանոթ մարդկանցից շատերն իրենց շատ արժանապատիվ և պրոֆեսիոնալ են պահում, քանի որ մարդիկ ծախսում են իրենց անձնական գումարները և ցանկանում են, որ գործընթացը զարգացմանը ծառայի: Բայց, ցավոք, հայկական ֆուտբոլում կան ղեկավարներ, ովքեր չեն ենթարկվում ոչ մի ճիշտ կանոնի, հասնում են մինչև ոչ սպորտային գործողությունների, իրենց ոչ համապատասխան են պահում, այդ թվում՝ առաջնության խաղերում։ Օրինակ՝ վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը որակազրկել է «Արարատ-Արմենիայի» տնօրեն Պողոս Գալստյանին մեկ խաղով՝ Բարձրագույն խմբի ողջ հանդիպման ընթացքում հայհոյելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ մոտակայքում կան կանայք և երեխաներ։ Իմ կարծիքով, սա չափազանց մեղմ պատիժ է՝ հաշվի առնելով, որ սա առաջին անգամը չէր։ Քանի դեռ արմատախիլ չենք արել նման երևույթները, հայկական ֆուտբոլում լուրջ առաջընթացի հասնելն անհնար կլինի։
— Այս տարի կկայանա Աշխարհի առաջնությունը։ Ո՞ր թիմին եք երկրպագելու և ո՞վ է ԱԱ-ի ֆավորիտը։
— Իմ սիրելի թիմը Հայաստանի հավաքականն է, բայց, ցավոք, մեր հավաքականը չի մասնակցում ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։
Ինձ համար կարևոր է, որ թիմը բնավորություն ունենա, տեսանելի լինի խաղադաշտում։ Հաճույքով հետևում եմ Գերմանիայի հավաքականի, Արգենտինայի և Բրազիլիայի, ինչպես նաև Դանիայի ու Խորվաթիայի հավաքականների խաղին, որոնք վերջին շրջանում լավ արդյունքներ են ցույց տալիս։ Մրցաշարն անկանխատեսելի է, բացահայտ ֆավորիտներ չկան։ Բոլորիս սպասում են հիանալի հանդիպումներ։ Փորձում եմ ոչ միայն գեղագիտական հաճույք ստանալ ֆուտբոլից, այլ նաև ինչ-որ բան վերցնել, հասկանալ, թե ինչի շնորհիվ են թիմերը հաղթում և չեմպիոն դառնում։ Մեծ հետաքրքրությամբ եմ սպասում մրցաշարի մեկնարկին։

— Ամսի 5-ին արդեն «Փյունիկը» կմեկնարկի Չեմպիոնների լիգայում․ Ձեր խոսքը թիմին և երկրպագուներին։
— Մենք պետք է գործի դնենք մեր բոլոր ուժերը, որոնք ունենք. դա վերաբերում է և՛ խաղացողներին, և՛ ղեկավարությանը, և՛ ակումբի աշխատակիցներին, և՛ մեր երկրպագուներին, որոնց ես շատ եմ խնդրում, որ գան և աջակցեն մեզ: Որովհետև, որպեսզի արժանապատվորեն դուրս գանք և անցնեք մեր մրցակիցներին, որոնք նույնպես իրենց երկրների չեմպիոններն են և ուժեղ ակումբներ, պետք է ամբողջությամբ կենտրոնանանք խաղի վրա, մեր ամբողջ ուժը ներդնենք այս խաղերի մեջ։
Դիմում եմ նաև երկրպագուներին, նրանց կխնդրեմ գալ այս խաղին, աջակցել թիմին, ես հավատում եմ, որ մենք կարող ենք անցնել այս մրցակցին՝ չնայած նրան, որ ունենք շատ լուրջ և ուժեղ մրցակից։ Կարծում եմ՝ դա մեր ուժերի սահմաններում է, և մենք կարող ենք միավորել մեր բոլոր ուժերը՝ նպատակին հասնելու համար։
Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Կլուժ» հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ Նապոկայում։
Վար Բաբայան