22-ամյա դարպասապահ Սուրեն Ալոյանը Հայաստանի ավարտված առաջնությունում «Արարատ-Արմենիայի» հետ նվաճեց չեմպիոնությունը, չնայած՝ Բարձրագույն խմբի ոչ մի հանդիպման այդպես էլ չմասնակցեց:

Ասում է՝ շատ բարդ է խաղին կողքից հետևելն ու թիմին որևէ բանով օգտակար լինել չկարողանալը, բայց նաև ընդգծում է՝ եթե հուսահատվեր, ավելի վատ կլիներ.
«Իրոք դժվար է հանդիպմանը նայել կողքից և ոչնչով չօգնել թիմին, բայց պետք է նշեմ, որ նախորդ մրցաշրջանն ինձ համար ավելի շատ «սովորելու մրցաշրջան էր»: Ես նայում էի Դմիտրի Աբակումովի խաղերը, ես նրա փոխարինողն էի ու շատ բան սովորեցի նրանից: Եթե հուսահատվեի, ավելի վատ կլիներ: Փորձում եմ ինչքան հնարավոր է պահել կենտրոնացվածությունս և սպասել իմ շանսին»,- ArmSport-ի հետ զրույցում ասում է երիտասարդ դարպասապահը:
Ալոյանի խոսքով, 31-ամյա ռուս դարպասապահ Դմիտրի Աբակումովից ինքը շատ բան է սովորել և դեռ սովորելու տեղ ունի.
«Աբակումովը բարձրակարգ դարպասապահ է: Նրանից սովորել եմ խաղային հանգստություն, վստահել ինքդ քեզ և սառնասիրտ օգնել թիմիդ: Դեռ շատ բան ունեմ քաղելու նրանից: Ինչքան մնամ և մարզվեմ նրա հետ, ավելի ու ավելի կշարժվեմ առաջ: Բայց դա չի նշանակում, որ ես հանձնվում եմ այդ պայքարից: Ոչ, ես առաջիկա մրցաշրջանում ավելի շատ ջանք պետք է գործադրեմ, որպեսզի կարողանամ արժանանալ հիմնական դարպասապահը դառնալուն»,- ասում է Սուրեն Ալոյանը:
Նրա խոսքով, հիմնական կազմում ընդգրկվելու համար նախ պետք է արժանանալ մարզչի վստահությանը.
«Հիմնական կազմում շանս ստանալու համար առաջին բանը, որ պետք է, մարզավիճակը պահելն ու մարզչի վստահությանը արժանանալն է: Երբ նախորդ մրցաշրջանում միացա թիմին, մրցակցության առումով շատ էի զիջում դարպասապահներին:
Իմ մրցակից դարպասապահները փորձառու են, բայց արդեն այս մրցաշրջանում նույնպես միացել եմ հիմնական կազմի պայքարին: Իհարկե, գիտակցում եմ՝ դա հեշտ չի տրվի, բայց ամեն բան կախված է աշխատասիրությունից, ինչը ես կատարում եմ 100 %-ով»:

Ալոյանն ասում է, ամեն դեպքում իր համար տպավորիչ էր առաջին անգամ Հայաստանի չեմպիոն դառնալը.
«Մրցաշրջանը շատ լավ սկսեցինք: Կիպրոսյան հավաքից հետո թիմը շատ լավ վիճակում էր, առաջնությունը սկսեցինք 3 հաղթանակով, ինչից հետո դադար եղավ մոտ 1 ամսվա չափով: Վերադարձանք, բայց արդեն դժվարություններ եղան, բայց անցած մրցաշրջանը ստացված եմ համարում, քանի որ նվաճեցինք Հայաստանի չեմպիոնությունը: Ճիշտ է՝ թիմի հիմնական կազմում Բարձրագույն խմբի հանդիպման չեմ մասնակցել, բայց բոլոր հանդիպումները հայտավորված եմ եղել:
Սա իմ առաջին չեմպիոնությունն էր ու շատ տպավորիչ էր: Նպատակս եկող մրցաշրջանում հիմնական դարպասապահ դառնալն է, և ինչու ոչ՝ ազգային թիմ հրավիրվելը»:

Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյանին ու նրա հետ անցկացրած մարզումներին, Ալոյանը նշում է՝ իսպանացի մասնագետն իր գործի վարպետն է.
«Մարզչից առաջին տպավորությունը հիանալի է: Նա իր գործի վարպետն է, հիմնականում տակտիկայի վրա է ուշադրություն դարձնում և բոլորին անհատապես հետևում է:
Մարզումները սկսել ենք 2 շաբաթ առաջ՝ նոր մարզչի գլխավորությամբ: Մարզումները շատ հետաքրքիր և ինտենսիվ են ընթանում, որովհետև առջևում կարևոր հանդիպում ունենք. օգոստոսի 9-ին «Նոայի» հետ պայքարելու ենք Հայաստանի Սուպերգավաթի համար»:
Ալոյանն ասում է՝ եթե մարզիչն ասի, որ ինքը պատրաստ է, ամեն բան կներդնի թիմին օգնելու համար.
«Նոայի» հետ խաղում մեր մտքում միայն հաղթանակն է: Շատ կարևոր է այս հաղթանակը: Եվրագավաթները հաղթած տիտղոսով մեկնարկելը շատ կարևոր է: Հոգեպես ավելի պատրաստ կլինենք: Ինձ համար էլ շատ կարևւոր է, որովհետև առաջին անգամ եմ մասնակցելու այս կարևորագույն մրցավեճին և ցանկալի է, որ այն հաջող լինի: Հիմնական կազմն իհարկե հանդիպումից կա՛մ մեկ օր առաջ է հայտնի լինում, կա՛մ հենց խաղի օրը, բայց եթե մարզիչն ասի, որ պատրաստ եմ խաղալու, ես ամեն բան կներդնեմ հաղթանակի համար»:

Ինչպես հայտնի է, 2020/21 մրցաշրջանից սկսած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում որոշակի սահմանափակումներ են կիրառվելու արտասահմանցի ֆուտբոլիստների առումով:
Մասնավորապես, Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ:
22-ամյա դարպասապահի խոսքով, սա շանս է հայ խաղացողների համար, որպեսզի ցույց տան իրենց ունակությունները.
«Սա շանս է բոլորի համար, որպեսզի ցույց տան իրենց ունակությունները: Կարծում եմ՝ այս մրցաշրջանում ավելի շատ երիտասարդ հայ ֆուտբոլիստների կտեսնենք խաղի մեջ: Բոլորս էլ սպասում ենք մեր շանսին, իսկ ինչ վերաբերում է նրան, որ հայ ֆուտբոլիստները կարող են վստահ լինել, որ իրենց տեղը մեկնարկային կազմում երաշխավորված է, կարծում եմ՝ այս դեպքում դա հնարավոր չէ: Հայաստանի առաջնությունը նույնպես դարձել է հետաքրքիր և շատ ուժեղ: Այստեղ չեն կարող խաղալ այն տղաները, ովքեր 2 խաղ խաղում են ու մտածում են՝ ամեն բան լուծված է: Բոլորս սպասում ենք առաջնության վերսկսմանն ու անհամբերությամբ սպասում ենք մեր շանսին»:
Նարե Հովհաննիսյան