«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը Heads Up-ի շրջանակում պատմել է, թե ինչպես է հաղթահարել իր մորաքրոջ մահը:
2009 թվականին, երբ Ռոբերտսոնը 15 տարեկան էր, նրան հեռացրին «Սելթիկից», ու մորաքույրը նրան համոզեց, որ դեռ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու շանս ունի: Նա մահացավ 2013-ի Սուրբ Ծննդյան օրն ու չտեսավ Ռոբերտսոնի հաջողությունները «Լիվերպուլում»:
«Ես սովորական 15 տարեկան տղա էի, այնպես որ, հավանաբար, արցունքներ եղել են, բայց մայրս ու հայրս այդ երեկո ինձ համար իմ սիրելի քարրին էին պատրաստել:
Երբ ինձ հեռացրին, մորաքույրս եկավ մեր տուն ու ասաց մորս. «Ասում եմ քեզ, նա կդառնա ֆուտբոլիստ»: Եվ այդ բառերը միշտ ինձ հետ մնացին:
Երբ ես «Դանդի Յունայթեդում» էի, Սուրբ Ծննդյան օրը նա մահացավ: Նա միշտ այնպիսի մարդ է եղել, որը հավատացել է, որ իմ մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա: Նա ինձ հավատացել է նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք չի հավատացել:
Ինձ վշտացնում է այն, որ նա չտեսավ՝ ինչպես հաղթեցի Չեմպիոնների լիգան ու Անգլիայի առաջնությունը»,- ասել է Ռոբերտսոնը:
Heads Up ակցիայի նպատակը ֆուտբոլի երկրպագուներին ու, ընդհանուր առմամբ, տղամարդկանց ցույց տալն է, որ զգացմունքներով կիսվելն ու աջակցություն խնդրելն այնքան սարսափելի չէ, որքան թվում է: