Այս տարվանից սկսած հուլիսի 20-ը նշվում է որպես Շախմատի միջազգային օր։ Հայաստանի նախաձեռնությամբ մի քանի տասնյակ երկրներ ՄԱԿ-ում միացան նախագծին և հուլիսի 20-ը միաձայն հայտարարվեց որպես Շախմատի միջազգային օր:
Օրվա խորհրդին հավատարիմ մնալով՝ Armsport-ը զրուցել է կանանց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանի հետ:
Երիտասարդ գրոսմայստերի ընտանիքում պրոֆեսիոնալ շախմատով զբաղվով չի եղել:
«Տանը ոչ մեկ պրոֆեսիոնալ շախմատով չի զբաղվել: Պապիկիս ընկերը տարբեր խաղեր էր սովորեցնում, և մի օր հերթը հասավ նաև շախմատին: Դասընկերս հաճախում էր շախմատի, որոշեցի ես էլ զբաղվել շախմատով: Երբ սկսեցի հաճախել, պարզվեց, որ տանը բոլորն էլ շախմատ խաղալ գիտեն, ու բոլորն էլ սկսեցին խաղալ ինձ հետ: Առաջին մարզիչս Միքայել Մարտիրոսյանն էր՝ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի հայրը: 2013 թ-ին՝ մի քանի հաջողություններ գրանցելուց հետո, առաջարկ ստացա Հայաստանի Շախմատի ակադեմիայից և սկսեցի մարզվել միջազգային վարպետ Խաչատրյան Վահագնի գլխավորությամբ»:
-Շախմատում առաջին քայլերդ, այն է՝ կարգեր լրացնելը, հե՞շտ տրվեց:
-Երրորդ կարգ լրացնելը հեշտ ստացվեց՝ առաջին փորձից, իսկ երկրորդ ու առաջին կարգերի համար մեկական տարի պայքարել եմ, և երկու կարգն էլ լրացրել եմ Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարում:
-Վաղ տարիքում ի՞նչ հաջողություններ ես գրանցել:
-2012 թ-ին դարձա Հայաստանի Մ-12 տարեկանների բրոնզե մեդալակիր: 2013 թ-ին պիտի խաղայի Մ-12 տարեկանների կիսաեզրափակչում, սակայն «ճակատագրի հեգնանքով» ջրծաղիկով վարակվեցի ու չկարողացա խաղալ: Ինձ հնարավորություն տվեցին մասնակցելու Մ-18 տարեկանների եզրափակչին ու գրավեցի չորրորդ տեղը: Ակադեմիան ինձ Ջերմուկի մրցաշարի ուղեգիր տվեց, և նույն թվականին Մ-12 տարեկանների պայքարում նվաճեցի չեմպիոնի կոչումը:
-Խոսենք ավելի բարձր կոչումների մասին: Ե՞րբ ես լրացրել վարպետի և գրոսմայստերի կոչումները:
-2018 թ-ին ստացա կանանց ֆիդեի վարպետի կոչումը, հետո լրացրեցի կանանց միջազգային վարպետի կոչումը, բայց չէի ուզում ստանալ, քանի որ միանգամից գրոսմայստերի կոչում ստանալու ցանկություն ունեի, սակայն համոզեցին և նախորդ տարվա սեպտեմբերին ստացա միջազգային վարպետի կոչումը: Հիմա արդեն ունեմ կանանց գրոսմայստերի կոչումը, որը ստացել եմ այս տարվա մարտին: Նաև տղամարդկանց միջազգային վարպետի կոչում ունեմ:
-Ի՞նչ հաջողություններ ես ունեցել միջազգային հարթակներում:
-2017 թ-ին Մ-16 տարեկանների ԵԱ-ում ամեն ինչ վճռվում էր վերջին տուրում. հաղթելու դեպքում կդառնայի Եվրոպայի չեմպիոն: Դիմացինս առաջատարն էր ու 300 վարկանիշային միավոր ուներ, ու երևի թե մի փոքր վախ կար մոտս ու առանց խաղալու ոչ-ոքի խաղացի ու կիսեցի 2-ից 4-րդ տեղերը:
-Հայաստանի առաջնություններում լավագույն արդյունքդ ե՞րբ է եղել:
-Մասնակցել եմ 2016, 2017 և 2018 թթ-ին: Ամենահաջողվածը 2018 թ-ինն էր: 5-ից 5 միավոր ունեի, սակայն մրցաշարի վերջնամասում վատ խաղացի ու գրավեցի 4-րդ հորիզոնականը:
-Շախմատիստի կարիերայում ամենամեծ հաջողությունդ ե՞րբ է եղել:
-Ամենամեծ հաջողությունս նախորդ տարվա եվրոպայի թիմային առաջնությունում 4-րդ խաղատախտակի վրա ոսկե մեդալ նվաճելն էր:

-Աննա, հիմա մի փոքր շախմատի հոգևոր կողմերի մասին խոսենք: Ի՞նչ է քեզ համար շախմատը:
-Հիմա ինձ առանց շախմատի չեմ պատկերացնում: Շախմատն ինձ ամեն ինչ տվել է: Ուրիշ բնագավառներում շատ խորացած չեմ ու կյանքիս նպատակները միայն շախմատի հետ են կապված: Եթե անկեղծ, ապա սկսում եմ ու չեմ ավարտում (ժպտ. է): Սկսել եմ զբաղվել շախմատով ու երբեք չեմ մտածել այն թողնելու մասին: Շախմատն ամեն ինչ է. սպորտ, արվեստ ու գիտություն: Սրանք հենց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի խոսքերն են:
-Տանեցիները դեմ եղե՞լ են քո՝ շախմատով զբաղվելուն:
-Բացարձակ: Հենց սկզբից էլ բոլորը կողմ են եղել:
-Շախմատից բացի, այլ սպորտաձև կա՞, որով հետաքրքրվում ես:
-Մեծ թենիս եմ սիրում, իսկ թենիսիստներից նախընտրում եմ Նովակ Ջոկովիչին:
-Նպատակդ՝ շախմատում, ո՞րն է:
-Եթե անկեղծ, ավելի շատ նախընտրում եմ անհատական մրցաշարերը, և, ինչու ոչ, աշխարհի չեմպիոն դառնալ: Այս տարի, եթե իհարկե կայանա, կցանկանամ մասնակցել Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնությանն ու դառնալ չեմպիոն: Հաջորդ նպատակս էլ տղամարդկանց գրոսմայստերի նորման լրացնելն է:
-Շախմատային կուռքեր ունե՞ս:
-Չեմ սիրում կուռք ասվածը: Իմ սիրած շախմատիստը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է: Գործող հայ շախմատիստներից հավանում եմ Լևոն Արոնյանի խաղը, իսկ ոչ հայ շախմատիստներից՝ Ֆաբիանո Կարուանայինը:
-Իսկ կանանցի՞ց:
-Կանանց շախմատում մեծ դեր է ունեցել Յուդիդ Պոլգարը: Նա ապացուցել է, որ կանայք կարող են տղամարդկանց հավասար շախմատ խաղալ: Նրա դերը չափազանց մեծ է:
Արմեն Գարամյան