«Ուրարտու-2»-ն այսուհետ Արամ Հակոբյանի փոխարեն կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը։
Արդյոք այս փոփոխությունը սպասելի՞ էր թիմի արդեն նախկին մարզչի համար, հետագա ի՞նչ ընթացք կստանա նրա կարիերան, կշարունակի՞ մնալ «Ուրարտուում», թե՞ ոչ․․․ArmSport-ը զրուցել է Արամ Հակոբյանի հետ։
— Օրերս հայտարարվեց, որ «Ուրարտու-2»-ը նոր գլխավոր մարզիչ ունի, բայց չէր նշվում՝ Դուք ինչո՞վ եք զբաղվելու․ կա՞ հստակություն։
-Ես շարունակելու եմ համագործակցել ակումբի հետ։ Կարծում եմ՝ ակումբը մոտ օրերս հայտարարությամբ հանդես կգա իմ հետագա գործունեության մասին։
-Փակագծեր կբացե՞ք։
-Պատրաստ եմ ցանկացած աշխատանք անել ակումբի ներսում․ այն, ինչ օգուտ կբերի ակումբին։
-Ձեզ համար անակնկա՞լ էր այն, որ այլևս չեք գլխավորելու թիմը, թե՞ նախապես այլ պաշտոնի անցնելու պլաններ կային։
-Իհարկե, անակնկալ էր։ Ես իմ առջև դրված առաջադրանքը կատարել եմ․ ֆուտբոլիստներ եմ մատակարարել առաջին թիմին։ Այդ առումով նույնիսկ գերազանցել եմ ակումբի սպասելիքները, այլ հարց է արդյունքը։ Ես բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել կազմի հետ կապված։ Արդեն բազմիցս նշել եմ, որ երկրորդ թիմի հետ աշխատելն ավելի բարդ է, քան առաջինի, որը հենց կազմերի հետ է կապված։ Մենք, առաջին հերթին, ապահովում ենք հենց առաջին թիմի ֆուտբոլիստների քանակը թե՛ մարզումների ժամանակ, թե՛ խաղերի։ Իսկ այդ առումով երկրորդ թիմի համար մեծ խնդիրներ են առաջանում։ Բայց նաև կցանկանամ նշել, որ այդքան խնդիրներ ունենալով՝ մենք ցանկացած թիմի դեմ պայքարել ենք հաղթելու համար, սակայն միշտ չէ, որ դրական արդյունքեր էին գրանցվում։

-Ձեզ ինչպե՞ս հայտնեցին, որ այլևս չեք գլխավորելու թիմը և ո՞րն էր այդ որոշման պատճառը։
-Ինձ ակումբի տնօրենն ու սպորտային տնօրենը միասին հայտնեցին այդ որոշման մասին, բայց կոնկրետ պատճառ չեն նշել։ Շատ դրական կարծիք հայտնեցին իմ կատարած աշխատանքի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ ասացին, որ փոփոխություն են անում։ Կարծում եմ՝ այս հարցին ավելի ստույգ կպատասխանի ակումբի ղեկավարությունը։
Ուզում եմ նշել, որ «Ուրարտուն» ինձ համար ուղղակի ֆուտբոլային ակումբ չէ, որտեղ ես խաղացել ու աշխատում եմ։ Հավատացնում եմ, որ այն իմ երկրորդ տունն է։ Ես 5 տարեկանից մինչ օրս ինձ երջանիկ եմ զգում ակումբի պատերի ներսում։
-Դուք, ամեն դեպքում, գո՞հ եք ավարտված մրցաշրջանից։
-Մրցաշարային աղյուսակում մեր գրաված դիրքը ինձ չի կարող գոհացնել (խոսքը 8-րդ հորիզոնականի մասին է՝ հեղ․)։ Չնայած դրան, մենք մեր դիրքը կարող էինք բարելավել, եթե խաղերը չդադարեցվեին։ Բայց շատ գոհ եմ տղաների կատարած աշխատանքից ու նվիրվածությունից։ Նաև շատ ֆուտբոլիստներ բարելավեցին իրենց որակները։ Կարծում եմ՝ պատահականություն չէ այն, որ այդքան մեծ թվով ֆուտբոլիստներ են ներգրավվել առաջին թիմում։

-Առաջին խմբի առաջնությունում սկանդալային բացահայտումներ եղան․ դա որքանո՞վ կազդի հայկական ֆուտբոլի վրա։
-Կարծում եմ՝ ֆեդերացիան շատ ճիշտ որոշում կայացրեց։ Իրոք, շատ կտրուկ որոշումների անհրաժեշտություն կար։ Պետք էր արմատախիլ անել մեր ֆուտբոլը կործանողներին։ Լիովին աջակցում եմ ֆեդերացիային այդ հարցում։
-Վերադառնանք Ձեր կարիերային․ արդեն որոշվա՞ծ է՝ ինչ պաշտոն եք ստանձնելու ակումբում։
-Այսպես ձևակերպեմ պատասխանը․ աշխատելու եմ ակադեմիայում ավարտական տարիքի թիմերի հետ՝ որպես պատասխանատու ֆուտբոլիստների զարգացման ու առաջընթացի համար։ Այսպես ասած՝ պետք է ֆուտբոլիստների պատրաստենք, որոնք տեղափոխվելով «Ուրարտու-2», կազմ-պատրաստ կլինեն խաղալու համար։
-Ձեր մարզչական շտաբը և՞ս տեղափոխվելու է այդտեղ։
-Այո՛, մենք շարունակում ենք աշխատել ակումբում։
Ստելլա Բաբլոյան