Երեւանի «Արարատն» առաջնությունը սկսեց ռուս մարզիչ Սերգեյ Բոյկոյի գլխավորությամբ: Առաջնության մեկնարկից 6 տուր անց ռուս մասնագետը հրաժարական տվեց և նրան փոխարինեց ուկրաինացի Վադիմ Լազորենկոն, որը թիմում մնաց մինչև դեկտեմբեր: Հունվարին հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը, սակայն վերջինս թիմում մնաց շուրջ 5 ամիս, իսկ նրա հեռանալուց հետո «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Էդգար Թորոսյանը:

36-ամյա մասնագետը ֆուտբոլով զբաղվել է 12 տարեկանից. «Բանանցի» մարզադպրոցի սան է: 2008 թվականից աշխատել է «Փյունիկի» տարբեր տարիքային թիմերում: Բացման օրվանից մինչև 2013 թվականը աշխատել է ֆուտբոլի Ակադեմիայում, սակայն հետո թողել է մարզչական աշխատանքը: 2017 թվականից մինչև օրս աշխատում է «Արարատում»: Այս ընթացքում Թորոսյանը նախորդ մրցաշրջանում եղել է թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ընթացիկ մրցաշրջանում գլխավորում էր «Արարատի» 2-րդ թիմը: Թորոսյանը դեկտեմբերին ստացել է նաև Pro կարգի լիցենզիա՝ մասնակցելով Խինես Մելենդեսի մարզչական դասընթացներին:
-Պարոս Թորոսյան դուք արդեն ստացել եք Pro լիցենզիա: Ի՞նչ տվեցին Ձեզ իսպանացի մարզիչների դասընթացները:
-Նախորդ տարվա դեկտեմբերին ստացել եմ Pro լիցենզիա՝ մասնակցելով մեր իսպանացի մարզիչների դասընթացներին, որոնք շատ պրոֆեսիոնալ մասնագետներ են և ճանաչված Եվրոպայում: Դասընթացներին ավելի շատ խորապես և շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք խաղերի վերլուծությունն ու տակտիկայի վերաբերյալ թեմաները: Ունեցել ենք նաև սեմինարներ Շվեյցարիայում: Մի խոսքով, այն, ինչ պետք է մարզիչ աշխատելու համար և առաջ գնալու համար, ստացել ենք: Մենք ուրիշ տեղից այդ կրթությունը դժվար թե կարողանայինք ստանալ: Պետք է առաջինը մեզանից սկսենք, մեր կրթությունն ու որակները բարձրացնենք, որպեսզի կարողնանք այն փոխանցել ֆուտբոլիստներին:

-Առաջնության ավարտից 4 տուր առաջ դուք նշանակվեցինք գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Ի՞նչ պայմանավորվածություն ունեք ակումբի ղեկավորության հետ:
-Նախնական պայմանավորվածություն կա, որ գլխավորեմ թիմը մինչև առաջնության ավարտը: Ապագայի հետ կապված դեռ ոչ մի հստակություն չկա: Հիմա ավելի շատ հնարավորություն եմ տալիս մեր հայ ֆուտբոլիստներին: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ ենք անելու և ինչ կորոշի ակումբի ղեկավարութունը:
—Հայկական ֆուտբոլում շարունակվում են քննարկումները լեգիոներների սահմանափակման հարցի շուրջ: Ի՞նչ կասեք այս մասով:
-Ես ընթացիկ մրցաշրջանում գլխավորել եմ «Արարատ-2»-ը: Երկրորդ թիմում մեծ մաս են կազմում տարբեր մարզադպրոցների սաները, քանի որ չունենք սեփականը: Թիմում հիմնականում 19-20 տարեկան ֆուտբոլիստներ են: Նրանց մի մասը բանակից է վերադարձել, և նրանց հետ շատ լավ աշխատանք է տարվել: Վառ ապացույցն է այն, որ նրանցից մի քանիսն արդեն հանդես են գալիս առաջին թիմում: Այսինքն այն միֆը, որ հայ ֆուտբոլիստ չկա՝ դրան բացասական եմ վերաբերվում: Իմ կարծիքով պետք է ակումբները մտածեն հայ ֆւոտբոլիստների և հայկական ֆուտբոլի մասին: Մեր հայ երիտասարդներին պետք է հնարավորություն տանք խաղալու, իսկ հիմա մեր ֆուտբոլիստներ տեղ չունեն նույնիսկ առաջին խմբում: Խաղեր են լինում, որ ընդհանրապես հայ ֆւոտբոլիստ չի մասնակցում: Իսկ որտե՞ղ պետք է խաղա մեր ֆուտբոլիստը, որպեսզի զարգացում ապրի: Հետո էլ ասում ենք՝ չունենք հայ ֆուտբոլիստներ: Դա մեծ խնդիր է: Ես կողմ եմ լեգիոներների սահմանափակմանը: Հնարավոր է սկզբում որակական անկում լինի թիմերում, բայց ընթացքում ամեն ինչ կլավանա, և մենք կօգնենք մեր հավաքականներին: Խաղալով պետք է աճել ու առաջ գնալ: Գոնե Առաջին խմբում պետք է խիստ սահմանափակումներ լինեն. առավելագույնը 2-3 լեգիոներ, մնացածը պետք է լինեն հայ երիտասարդներ: Շեշտը պետք է դրվի դրա վրա, գոնե այն թիմերի դեպքում, որոնք մասնակցում են միայն առաջին խմբին, այսինքն՝ ԲԽ-ի 2-րդ թիմերը:

—Ի՞նչ փոփոխություններ կլինեն թիմում, եթե հաջորդ մրցաշրջանում այն ձեզ վստահվի և տեսնու՞մ եք 2-րդ թիմից ֆուտբոլիստներ, որոնք կարող են հանդես գալ Բարձրագույն խմբում:
-Միանգամից խաղալ և տեղ ունենալ հիմնական կազմում դժվար է, բայց ժամանակի ընթացքում իրենք կարող են իրենց տեղը գտնել Բարձրագույն խմբում, և նման օրինակներ արդեն ունենք: Եթե հնարավորություն տանք, մեր ֆուտբոլիստները կաճեն ու օգտակար կլինեն նաև հավաքականներին: Եթե մնամ թիմում, մտածում եմ, որ պարտադիր պետք է միքս լինի: Այնպես չէ, որ ես կտրուկ դեմ եմ լեգիոներներին, սակայն շատերը գալիս են, բայց ամբողջ մրցաշրջանի ընթացքում 10 րոպե էլ չեն խաղում: Ո՞րն է դրա իմաստը: Լեգիոներներ պետք են, բայց նրանց կողքին պետք է լինեն նաև հայ ֆուտբոլիստներ, որպեսզի նրանց կողքը կարողանան աճել ու զարգանալ: Այնպես չէ, որ միայն հայ ֆուտբոլիստներով հնարավոր է մարտունակ թիմ կառուցել: Դրա համար պետք է լինի միքս, որպեսզի մեկը մյուսին կարողանա լրացնել: Ես այդ տարբերակի կողմնակիցն եմ, և եթե մնամ թիմում, այդպես ենք աշխատելու:
—ՀՖՖ-ն պայմանավորված խաղերի վերաբերյալ կտրուկ քայլի գնաց և ժամանակից շուտ դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Առաջին խմբի դադարեցված առաջնությունը:
-Աբսուրդ էր այն, ինչ կատարվեց Առաջին խմբում: Կարծում եմ, որ այդ երևույթը շատ վատ բան է, որը պետք է արմատախիլ արվի մեր ֆուտբոլից: Ցմահ որակազրկումը նույնիսկ ավելի քիչ է: Կարելի է ավելի խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի որևէ մեկի մտքով նույնիսկ չանցնի, որ կարելի է այդպիսի բան անել: Այդ կասկածելի թիմերին թույլ չտալը ֆեդերացիայի գործն է, և տեսնում ենք, որ ֆեդերացիան լրջորեն զբաղվում է դրանով: Այս տարի Առաջին խմբի որակն ավելի բարձր էր, քանի որ լեգիոներները շատ էին, բայց մի կողմից էլ այնպես չէ, որ դա օգտակար էր մեզ համար, քանի որ հայ ֆուտբոլիստներն էին ավելի քիչ խաղում: Մյուս կողմից էլ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ հնարավորություն ունեցան խաղալ ավելի փորձառու ֆուտբոլիստների դեմ, որոնք պայքարում էին ԲԽ դուրս գալու համար:
-Իսկ ի՞նչ կասեք Բարձրագույն խմբի վերաբերյալ և կո՞ղմ եմ գալիք մրցաշրջանը նույն ձևաչափով անցկացնելուն:
Փորձը ցույց տվեց, որ մրցաշարային աղյուսակի վերջին 3 թիմն անգործության մատնվեց առաջնության վերջին հատվածում: Դրա համար ավելի լավ է՝ 2 կամ 3 շրջանով լինի, ու բոլորը խաղան միմյանց դեմ: Այս տարբերակն այնքան էլ նպատակահարմար չէր: Բարձրագույն խմբում կան շատ լավ կազմակերպված թիմեր, իսկ առաջնությունը որակապես ավելի բարձր է նախորդների համեմատ: