«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակի մասին․
«Երբ գտնվում ես մրցաշարային աղյուսակի վերին հատվածում, միշտ քեզ լավ ես զգում։ Հիմա դժվար է նայել մրցաշարային աղյուսակին, քանի որ մենք առաջատարը չենք ու շատ ենք զիջում։
Երևի՝ հիմա մենք չպետք է նայենք մրցաշարային աղյուսակին։ Առաջիկա ամիսներին մենք շատ հնարավորություններ կունենանք ամեն ինչ փոխելու համար, բայց հիմա մենք պարզապես պետք է համակերպվենք»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
8 տուրից հետո Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լիվերպուլը»՝ վաստակած 24 միավորով։ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղում է 16 միավորով։
9-րդ տուրում Գվարդիոլայի թիմը հյուրընկալվելիս կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։