«Ռեալի» ֆուտբոլիստներն աջակցել են «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խուան-Կառլոս Ունսուեին Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ տնային խաղից առաջ: Հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է մադրիդցիների՝ 3-0 հաշվով հաղթանակով:
Նրանք դաշտ են դուրս բերել մի մարզաշապիկ, որի վրա գրված է եղել. «Պի՛նդ կաց, Ունսուե: Մենք քեզ հետ ենք»: Այս մարզաշապիկը, բացի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսից, պահել է նաև «Վալենսիայի» ավագ Դանի Պարեխոն:

Ավելի վաղ 53-ամյա մասնագետը հայտարարել էր, որ իր մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ է ախտորոշվել, որն անբուժելի հիվանդություն է ու ժամանակի ընթացքում պարալիզացնում է մարդուն:
Ունսուեն 2003-ից 2010 թվականներին եղել է «Բարսելոնայի» դարպասապահների մարզիչը, իսկ 2014-ից 2017 թվականներին՝ գլխավոր մարզչի օգնականը: Մասնագետը գլխավորել է «Սելթան», «Ժիրոնան», «Նումանսիան» և «Ռասինգը»:
Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որը հայտնի է նաև որպես Շարկոյի կամ Լու Գերիգի հիվանդություն, դարձել է նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիքսենի մահվան պատճառը:
Հոլանդացի ֆուտբոլիստը կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի հիվանդության դեմ պայքարում էր 2013 թվականից: Երկար ժամանակ նա գամված էր անկողնուն և կորցրել էր խոսելու ունակությունը: 2019 թվականի սեպտեմբերին Ռիքսենը մահացավ: