Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մոտ 1 ամիս առաջ՝ մինչև Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերսկսումը, պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին՝ պարզելու, թե Հայաստանի Բարձրագույն խմբի մրցավարներից ում չէին ցանկանա տեսնել՝ որպես իրենց ակումբի մասնակցությամբ հանդիպումները սպասարկող գլխավոր մրցավար:
Համապատասխան փաստաթուղթն օրերս տարածվեց համացանցում ու տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ: ArmSport-ը հարցմամբ դիմեց ՀՖՖ-ին ու մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ից հաստատեցին այս լուրն ու ընգդծեցին, որ յուրաքանչյուր ակումբ իր պատասխան նամակում պետք է նշեր ընդամենը 1 մրցավարի անուն:

ՀՖՖ-ից պարզաբանում են, որ սա միջազգային ֆուտբոլում ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է ՈՒԵՖԱ-ի անդամ մի շարք երկրներում:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեպքում նմանատիպ նախաձեռնության հիմնական նպատակն է եղել առաջնության վճռորոշ փուլում՝ հատկապես մրցանակային խմբի հանդիպումներում, հնարավորինս օպտիմալ նշանակումներ կատարելը և ավելորդ լարվածությունից խուսափելը»,- նշում են ՀՖՖ-ում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս մեկ անգամ ընդգծում է, որ այս ամենը գաղտնի տեղեկություն չէ, իսկ ակումբներն այս հնարավորության մասին իրազեկվել են դեռևս մայիսին:
Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ակումբները որ մրցավարների անուններն են նշել: