Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Շիրակը» տանը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասն ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։
Գյումրեցիների կազմում երկրորդ գոլը հեղինակեց նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոն, որի համար այս հանդիպումը հոբելյանական 100-րդն էր «Շիրակի» կազմում։
Ուդոն հայաստանյան կարիերան սկսել է դեռ 5 տարի առաջ՝ խաղալով «Արարատի», «Ուլիսի», «Ուրարտուի» ու «Շիրակի» կազմում։
ArmSport-ը հոբելյանական խաղի, Հայաստանի առաջնության, ֆուտբոլային կարիերայի և այլ հարցերի մասին զրուցել է 24-ամյա կիսապաշտպանի հետ։
-Հաղթեցիք «Նոային» ու բարձրացաք 2-րդ հորիզոնական։ Տպավորություններդ ինչպիսի՞ն են խաղից։
-Հիանալի խաղ էր։ Թիմային խաղ դրսևորեցինք ու շատ լավ աշխատանք կատարեցինք։ Ինձ դուր եկավ, որ բոլոր տղաները կենտրոնացած էին խաղի վրա, ու այն շատ լավ ստացվեց։

-Ի՞նչ կասես գոլիդ մասին․ խաղը պահեստայինների նստարանից էիր սկսել։
-Այո, պահեստայինների նստարանին էի ու երբ մտա դաշտ, գոլ խփեցի։ Այս պահին գոլ խփելն իսկապես մեծ նշանակություն ուներ, քանի որ իմ պաշտոնական 100-րդ խաղն էր «Շիրակի» կազմում։ Հիացած եմ։
-Կամփոփե՞ս «Շիրակի» կազմում անցկացրածդ 100 խաղերը։
— Մարտահրավերներով լի խաղեր էին՝ շատ հաղթանակներով ու որոշ վայրէջքներով։ Ամեն դեպքում, հիանալի փորձ էր։ Իսկապես ուրախ եմ այս խաղին մասնակցելուս համար։
-Որո՞նք էին այդ վայրէջքները։
-Այն խաղերը, երբ մենք բացահայտ ձևով պիտի հաղթեինք, բայց ամեն ինչ պլանավորածի պես չընթացավ։ Բայց, ամեն դեպքում, իմ ապշեցուցիչ մարզչի ու հիանալի թիմակիցներիս շնորհիվ առաջ ընթացա։
-2015 թվականից խաղում ես Հայաստանում։ Ինչպե՞ս էիր այդ ժամանակ հայտնվել Երևանի «Արարատում»։
-Գործակալս կապվել էր ինձ հետ, ասել, որ Երևանի «Արարատից» դիտել են խաղերիս տեսանյութերն ու տպավորված են։ Ես էլ ընդունել էի առաջարկը։
-Ինչպե՞ս էիր քեզ զգում «Արարատում»։ Կամփոփե՞ս հայաստանյան կարիերադ։
-Այն, իսկապես, ինձ դուրս բերեց իմ հարմարավետության գոտուց։ Հիանալի փորձ էր, որի ընթացքում շատ դասեր քաղեցի։ Խաղացածս բոլոր թիմերը մի նմանություն ունեին․ քրտնաջան աշխատելը։ Մեզ քաջալերում էին, որ քրտնաջան աշխատենք ու ողջ ընթացքում հետևենք արդյունքին։
-Ինչո՞ւ 2016-ին հեռացար «Շիրակից»։
-Նոր փորձ ձեռք բերելու համար։

-Իսկ հետո ինչո՞ւ ու ինչպե՞ս նորից վերադարձար։
-Չերկարաձգեցի պայմանագիրս թիմի հետ (նկատի ունի «Ուրարտուն»՝ հեղ․), ուստի օգտվեցի ընձեռված հնարավորությունից։ Դժվար չէր այդ որոշումը կայացնելը, քանի որ արդեն ծանոթ էի ակումբին։
-Ի՞նչ ես կարծում, մրցաշրջանի ավարտին «Շիրակը» ո՞ր տեղը կզբաղեցնի։
-Քրտնաջան աշխատում ենք, որ բարձր տեղ գրավենք։
-Իսկ շանսերն ինչպիսի՞ն են՝ մրցաշարային աղյուսակի պատկերը հաշվի առնելով։
-Դեռ խաղեր ունենք անցկացնելու, բայց պետք է ուշադիր լինենք թիմային խաղին ու արդյունքը մեր օգտին կլինի։
-Քեզ դո՞ւր է գալիս մեր առաջնության նոր ձևաչափը։
-Դուր է գալիս։ Բոլոր թիմերի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել։
-Քանի որ 2015 թվականից այստեղ ես խաղում, կարո՞ղ ես համեմատել մեր առաջնությունն այն ժամանակ ու հիմա։
-Շատ բարեփոխումներ ու զարգացումներ են եղել, որոնք առաջնությունն ավելի մրցունակ ու հետաքրքիր են դարձրել։
-Կարո՞ղ ես մի քանի փոփոխություն նշել, որոնք դու նկատել ես այս տարիների ընթացքում։
-Խաղացողների համար ներդրումներ են կատարվել, ակումբներն ավելի պրոֆեսիոնալ են դարձել, բարելավվել է նաև խաղերի սպասարկումը։
-Ինչպիսի՞ն էր կարիերադ մինչև Հայաստան գալը։
-Իմ կարիերան միշտ առաջընթացի վրա է հիմնված։ Ոչ մի փուլում ես չեմ հանգստանում, միշտ ուզում եմ սովորել, շտկումներ անել ու նոր ուղիներ փնտրել ավելի լավը դառնալու։
-Քանի՞ տարեկան էիր, երբ սկսեցիր ֆուտբոլով զբաղվել։
-Սկսել եմ խաղալ 8 տարեկանից, բայց պրոֆեսիոնալ կարիերաս սկսվել է 18-ից։
Առաջին քայլերս արել եմ հայրենի Նիգերիայում, հետո 12 տարեկանում տեղափոխվել Քաթարի Aspire Academy։ Առաջին պրոֆեսիոնալ թիմս եղել է բելգիական «ԿԱՍ Օյփենը»:

-Ապագադ ինչպե՞ս ես ծրագրում։
-Պլանավորում եմ ավելի լավը դառնալ իմ ոլորտում ու հաջողակ կարիերա ունենալ։
-Ո՞ր առաջնությունում խաղալու մասին ես երազում։
-Պրեմիեր լիգայում կամ Լա լիգայում։
-Ո՞րն է քո սիրած ակումբը։
-Սիրած ակումբ չունեմ։ Հիանում եմ յուրաքանչյուր թիմի եզակիությամբ։
-Փոքր տարիքում ինչո՞ւ էիր հենց ֆուտբոլն ընտրել։
-Այն միշտ իմ տարերքն է եղել։ Ամենալավը ինձ զգում եմ այն ժամանակ, երբ դաշտում եմ։ Ուրախությունը, որ ինձ պարգևում է ֆուտբոլը, իրականությունից վեր է, ուստի ընտրեցի այն կարիերան, որն իմ տարերքն է։
-Ի՞նչ ես մտածում Հայաստանի մասին։
-Այն շատ հնարավորություններ է առաջարկում մարդկանց։ Այստեղ մարդիկ ընկերասեր են, ինչի շնորհիվ ինձ զգում եմ՝ ինչպես տանը։ Սիրում եմ Հայաստանը։
-Այստեղ լինելուդ առաջին իսկ օրվանից քեզ լա՞վ ես զգացել Հայաստանում։
-Այո, ինձ շատ լավ են ընդունել ու հենց սկզբից ինձ ապահով եմ զգացել այստեղ։
-Ո՞րն է քո ամենասիրելի վայրն այստեղ։
-Գյումրին։
-Հայերեն բառեր գիտե՞ս։
-Այո, հաղորդակցվելու ու գնումներ անելու համար անհրաժեշտ հիմնական բառերը գիտեմ։
-Դժվա՞ր լեզու է։
-Ոչ դժվար է, ոչ էլ շատ հեշտ։
-Առանց երկրպագուների խաղալն ինչպե՞ս է։
-Առանց երկրպագուների նույնը չէ։ Կարոտում եմ ինչպես էին նրանք մեզ ոգևորում ու ինչպես էին ժպտում, երբ տպավորում էինք նրանց։
-Ինչպե՞ս ես հաղթահարում այս կորոնավիրուսի ժամանակները տնից հեռու։
-Իսկապես դժվար է, բայց փորձում եմ հնարավորինս շատ շփվել նրանց հետ։ Կապի մեջ ենք լինում իրար հետ։
-Այս ամենից հետո կյանքն ինչպե՞ս կփոխվի։
-Կյանքի հասարակ բաներն ավելի շատ կգնահատեմ, անձնական հիգիենան ավելի լուրջ կընդունեմ ու կշարունակեմ սոցիալական հեռավորություն պահել։
Ստելլա Բաբլոյան