Սա կռիվ է և պետք է հաղթել՝ ինչ գնով էլ ուզում է լինի: Պարզվում է՝ հենց այսպիսի խոսակցություն են ունեցել «Արագածի» ֆուտբոլիստները Հայաստանի Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Տորպեդոյի» հետ խաղից առաջ հանդերձարանում: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում պատմել է «Արագածի» կիսապաշտպան Արսեն Հակոբյանը, որն այդ խաղում ստիպված է եղել կատարել դարպասապահի պարտականությունները:
Հիշեցնենք՝ հանդիպման մեկնարկից «Արագածը» խաղացել է 10 ֆուտբոլիստով, քանի որ լեգիոներները Հայաստան ժամանելուց հետո ինքնամեկուսացած են, և 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Առաջին խաղակեսում «Արագածի» կազմում դուբլ է ձևակերպել Ալեն Կարապետյանը, մեկ գոլ էլ իր ակտիվում գրանցել է Մուրադ Ասատրյանը, իսկ արդեն երկրորդ խաղակեսում Չարլզ Մարկ Իկեչուկվուն դրել է հանդիպման վերջակետը՝ 1-4:
«Խաղը իրականում շատ ծանր էր, չնայած գրանցված խոշոր հաշվին: Նախ ամենադժվարն այն էր, որ խաղի հենց սկզբից 10 հոգով էինք խաղում, երկրորդը՝ այսքան երկար ընդմիջումից հետո առաջին խաղն էր: Ուրախ եմ, որ կարողացանք հաջողության հասնել»,- ասում է Արսեն Հակոբյանն ու պատմում, թե ինչպես է որոշվել, որ հենց ինքը պետք է պաշտպանի «Արագածի» դարպասը.
«Տարիներ առաջ մի քանի անգամ կանգնել եմ դարպասին, երևի՝ մեկ-երկու անգամ, դեռ մանկապատանեկան տարիքում, ու իմ առաջին մարզիչ Անդրանիկ Զանազանյանը միշտ ասում էր, որ ինձ կարող է ցանկացած դիրքում խաղացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի ու դա եղավ հենց այսօր՝ տարիներ անց:

Գիտեինք, որ այս խաղի համար մեկ դարպասապահ ունենք, բայց առավոտյան ֆեդերացիան նրան թույլ չտվեց մասնակցել հանդիպմանը ինքնամեկուսացման պատճառով: Մի քանի մարզում առաջ ես ու մեր ռմբարկուն՝ Ալեն Կարապետյանը, կատակով ասում էինք, որ եթե դարպասապահին մի բան պատահի, մենք կարող ենք փոխարինել և դրա մասին տեղյակ էր մեր մարզիչը՝ ընկեր Նիգոյանը, և նրա ընտրությունը կանգնեց ինձ վրա, ես էլ համաձայնեցի, քանի որ դա թիմին էր պետք»,- ասում է Արսենը:
22-ամյա ֆուտբոլիստի խոսքով, իհարկե, ճնշում եղել է ստեղծված իրավիճակում, բայց կարողացել են այն հաղթահարել.
«Սկզբում, իհարկե, կար ճնշում, բայց հանդերձարանում բոլորս մի բան էինք ասում՝ սա կռիվ է և պետք է հաղթել ինչ գնով էլ ուզում է լինի, ու դաշտում ընտանիքի պես էինք՝ բոլորը մեկի, մեկը բոլորի համար»:

Արսենի խոսքով, թիմակիցներն ամեն ինչ անում էին, որ լուրջ սպառնալիքներ չլինեն իր դարպասին, այդուհանդերձ՝ մի քանի վտանգավոր պահերից խուսափել հնարավոր չի եղել. այստեղ էլ արդեն գործի է դրել իներցիան.
«Տղաներն ամեն ինչ անում էին, որ հնարավորինս քիչ հարված լինի դարպասին, չնայած երկրորդ կեսում շատ դժվար էր, քանի որ մրցակիցն անընդհատ ամբողջ թիմով գրոհում էր: Այո, մի քանի սեյվ կարողացա անել. գործում էի հիմնականում իներցիայով, քանի որ պատկերացում ունեի, թե ինչպես են դարպասապահները պաշտպանում իրենց դարպասը: Ֆուտբոլի պատմության իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն էլ դարպասապահ է՝ Իկեր Կասիլյասը, որի մասնակցությամբ, թերևս, ոչ մի խաղ բաց չեմ թողել:
Ինչ վերաբերում է դաշտում խաղալու և դարպասը պաշտպանելու միջև տարբերություններին, պետք է նշեմ, որ վերջինիս դեպքում պատասխանատվության շատ մեծ զգացում կար, գիտակցում էի, որ ինձնից շատ բան է կախված լինելու ու որ ես վերջին մարդն եմ, որ սխալվելու իրավունք ունեմ: Իսկ կիսապաշտպան խաղալու դեպքում դեռ պետք է հաղթահարեն պաշտպանների ու դարպասապահի արգելքը»,- խոստովանում է Արսենը:
Ի դեպ, եթե որևէ փոփոխություն չլինի, ապա Առաջին խմբի առաջնությունում իր հաջորդ խաղն «Արագածը» դարձյալ կանցկացնի երեկվա կազմով. հունիսի 7-ին թիմը մրցելու է «Ալաշկերտ-2»-ի հետ.
«Ալաշկերտ-2»-ը բավականին ուժեղ մրցակից է, ու նրանք շատ ավելի շուտ են վերսկսել մարզումները: Ամեն դեպքում, երբ մարզիչն ասի, ես միշտ պատրաստ եմ: Այդ խաղում էլ դաշտ ենք դուրս գալու՝ ներդնելով մեր ողջ ուժերը, ամեն ինչ տալու ենք դաշտում հաղթելու համար՝ անկախ ամեն ինչից»,- վստահեցնում է Արսեն Հակոբյանը:
Բայց նախքան այդ, դարձյալ վերադառնանք երեկվա խաղին. նշենք՝ սա «Արագածի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արա Նիգոյանի համար առաջին խաղն ու առաջին հաղթանակն էր նոր թիմի ղեկին. Արսեն Հակոբյանը բարձր է գնահատում գլխավոր մարզչի դերն այս հաղթանակում.
«Շնորհակալ ենք մեր նորանշանակ գլխավոր մարզիչ Արա Նիգոյանին, որ այս իրավիճակում թիմից ստացավ առավելագույնը: Նա հրաշալի մասնագետ է, ու մեր մարզումներն էլ շատ լավ են անցնում իր գլխավորությամբ: Շատ ուրախ ենք, որ հենց նա է մեր մարզիչը»,- խոստովանում է «Արագածի» ֆուտբոլիստը:

Արսենի խոսքով, հենց Արա Նիգոյանի գլխավորությամբ է իրատեսական «Արագածի»՝ հաջորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում խաղալու հեռանկարը.
«Առաջին խմբում այս տարի մրցակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, քանի որ թիմերը շատացել են, ուժեղ և մրցունակ թիմերն էլ շատ են: «Արագածի» այս տարվա խնդիրն ամեն խաղին հաղթանակի ձգտումով մոտենալն ու առաջնությունը հնարավորինս բարձր հորիզոնականում ավարտելն է: Իսկ մյուս տարվա հեռանկարը Բարձրագույն խումբ դուրս գալն է, ինչն Արա Նիգոյանի գլխավորությամբ իրատեսական է»:
Հիշեցնենք՝ այս հաղթանակից հետո «Արագածը» վաստակել է 23 միավոր և շրջանցել իրենց մրցակցին՝ «Տորպեդոյին», զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Տորպեդո Երևանը» իր ակտիվում ունի 21 միավոր։
Նարե Հովհաննիսյան