Արդեն վաղը՝ մայիսի 23-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերադառնա մարզադաշտեր։ Մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում տեղավորված «Նոան», սակայն, առաջին խաղը կանցկացնի ամսի 24-ին՝ հյուրընկալվելով 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»։
Մրցաշարի վերսկսման, թիմի պատրաստվածության ու կարանտինային դադարի մասին ArmSport-ը զրուցել է «Նոայի» պաշտպան Վարդան Մովսիսյանի հետ։
-Ինչպե՞ս են անցնում մարզումները։
-Մարզումները բնականոն հունով են ընթանում։ Ինտենսիվ, ծանրաբեռնված մարզումներ ենք անցկացնում, ինչի միջոցով փորձում ենք արագ բարելավել մեր մարզավիճակը։
-Դադարի ընթացքում անհատական մարզումներ անցկացնո՞ւմ էիք։
-Դադարի ժամանակ մարզումները տեսազանգով ենք անցկացրել մարզիչների հսկողությամբ։ Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։
-Ի՞նչ մարզավիճակում էիր մարզումային առաջին օրերին։
-50-60% ֆիզիկական վիճակը պահպանվել էր։ Իսկ գնդակով աշխատանքը սկսեցինք բարելավել դաշտում մարզվելիս։
-Հիմա մարզումներից դատելով՝ որքանո՞վ եք պատրաստ առաջնության վերսկսմանը։
-3 մարզում է մնացել մինչև առաջնության վերսկսումը։ Խաղը ցույց կտա, թե որքանով ենք պատրաստ։ Առաջին հանդիպումները միշտ դժվար են լինում, բայց մենք ջանք չենք խնայել, որ պատրաստ լինենք խաղին, քրտնաջան աշխատել ենք, որ հասնենք դրական արդյունքի։

-3 ստուգողական հանդիպում եք անցկացրել․ որքանո՞վ դրանք կօգնեն առաջնությունում խաղալիս։
-Ընկերական խաղերը շատ օգտակար են, որ հասկանանք՝ ինչքանով ենք պատրաստ պաշտոնական խաղերին։ Նաև, որպեսզի մարզիչները տեսնեն՝ որտե՞ղ ենք թերանում, ո՞ր բացթողումները լրացնենք։ Նաև այն է լավ, որ երկու կազմով ենք խաղացել, որպեսզի բոլորը ծանրաբեռնվածություն ունենան։
-Որոշվեց պահպանել առաջնության նոր ձևաչափը։ Քեզ այն դո՞ւր է գալիս, եթե հաշվի չառնենք, որ ձեր թիմը 6-րդ տեղում է։
-Դուր է գալիս այն առումով, որ 6 թիմերն էլ համառ պայքար կմղեն մրցանակային տեղերի համար։ Իսկ այն թիմերը, որոնք չեն հայտնվել վեցնյակում, համոզված եմ, որ արժանի մրցակցություն կունենային բոլոր թիմերի հետ։ Մեր առաջնությունում ընդգծված առաջատար չկա, իսկ խաղերում ընդգծված ֆավորիտ չկա։
-Նշեցիր, որ ֆավորիտներ չկան։ Առաջնության այս հատվածում ձեր շանսերն ինչպե՞ս ես գնահատում։
-Մենք երկու ուղղությամբ ենք պայքարում՝ Գավաթը նվաճելու և առաջնության եռյակում հայտնվելու։ Երկու ուղղություններն էլ իրատեսական եմ համարում։ Ամեն ինչ մեզնից է կախված։

-Ինչպե՞ս էիր անցկացնում կարանտինը։
-Հետևելով բոլոր կանոններին։ Տանն եմ անցկացրել, ընտանիքիս հետ՝ կնոջս ու երեխայիս։ Կարանտինի դրական կողմերից էր երեխայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու հնարավորությունը։ Ֆիլմեր, սերիալներ էի դիտում ու, ինչպես արդեն նշեցի, անհատական մարզումներ անցկացնում։
-Դժվա՞ր էր առանց ֆուտբոլի։
-Բնականաբար։ Սկզբում հանգստանում ես, հետո հասկանում, որ արդեն հոգնում ես այդ հանգստից։ Հասկանում ես՝ որքան կարևոր է ֆուտբոլը քո կյանքում, երբ կյանքիդ մեծ մասը դրանով ես զբաղվել։
-Ըստ քեզ՝ կորոնավիրուսի ավարտից հետո ինչ-որ բան փոխված կլինի՞ ֆուտբոլում։
-Չեմ կարող ասել՝ ինչ կփոխվի, բայց համոզված եմ, որ շատ բաներ կփոխվեն։ Պետք է ուղղակի ընտելանալ ու համակերպվել։
Ստելլա Բաբլոյան