Ֆուտբոլը կամաց-կամաց փորձում է վերադառնալ բնականոն հունին։ Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում թիմերը վերսկսել են մարզումներն ու սպասում են կառավարության որոշմանը առաջնության խաղերը շարունակելու համար։
Ինչպես են ընթանում մարզումները, ինչ մարզավիճակում են ֆուտբոլիստները երկարատև դադարից հետո, կհասցնեն պատրաստվել առաջնությանը, եթե այն մեկնարկի հենց այս ամիս․․․Այս և այլ հարցերի մասին ArmSport-ը զրուցել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում տեղավորված «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի հետ։
«Երկար պարապուրդը չի կարող դրական ազդեցություն ունենալ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի վրա»,- ասում է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ ավելացնելով, որ այս օրերին ֆուտբոլիստների հետ ակտիվ աշխատում են` երկար ընդմիջումից հետո թիմի ֆիզիկական և հոգեբանական վիճակը բարելավելու նպատակով:

Չնայած այն փաստին, որ Բարձրագույն խմբի ակումբներից շատերի լեգեոներները կարանտինային շրջանում մեկնել էին իրենց մշտական բնակության երկրներ ու հիմա դժվարանում են վերադառնալ Հայաստան, «Ալաշկերտում» այդ խնդրից զերծ են մնացել։
«Մեր բոլոր արտասահմանցի խաղացողներն այս օրերին մնացել էին Երևանում, ինչը դրական փաստ է»,- ասում է Ադամյանը։
Ալաշկերտցիները, ինչպես և մրցակիցները, այս շրջանում մարզվում էին տանը՝ անհատական ծրագրերով։ Գլխավոր մարզիչը, ընդհանուր առմամբ, տղաների մարզավիճակն այս պահի համար բավարար է գնահատում, բայց ընդգծում է, որ դեռ մոտ երկու շաբաթ ունեն` մարզավիճակն օպտիմալի հասցնելու համար:

«Ալաշկերտը» երեկ՝ մայիսի 11-ին, արդեն իր առաջին ընկերական խաղն անցկացրեց Առաջին խմբի ներկայացուցիչ «Վեստ Արմենիայի» հետ՝ հաղթելով 8-1 հաշվով։
«Արդեն անցկացրել ենք առաջին ստուգողական հանդիպումը: Բավականին լավ տեսք ունեինք, հատկապես` հարձակման գծում: Առայժմ խանգարում են պաշտպանությունում առկա վնասվածքները»,- նշում է Արմեն Ադամյանը:
Առայժմ խոսակցությունների մակարդակով՝ Բարձրագուն խմբի առաջնությունը հնարավոր է վերսկսվի մայիսի 23-ին։ Հետաքրքրվում եմ՝ արդյոք այդ դեպքում «Ալաշկերտը» պատրաստ կլինի՞ խաղերին․
«Ամեն ինչ կանենք` առաջնության վերսկսմանը կազմուպատրաստ ներկայանալու համար»,- խոսքը եզրափակեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը։
Ստելլա Բաբլոյան