Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենադիտարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:
ArmSport-ը սկսում է նոր շարք՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր,որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:
Առաջինը մեզ հետ Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչ «Բարսելոնա»-«Սևիլիա» խաղի հիշողություններով է կիսվում ArmSport-ի լրագրող Նարե Հովհաննիսյանը:
2015 թվական, Թբիլիսի
Արդեն երկար տարիներ լինելով մարզական լրագրության ոլորտում՝ բախտ եմ ունեցել ֆուտբոլային մի շարք նշանակալի ու հիշարժան հանդիպումների ներկա գտնվելու՝ թե՛ ակումբային, թե՛ հավաքականների մակարդակով: Այդուհանդերձ, որոշ խաղեր իսկապես անմոռանալի են դարձել, դրանցից մեկն էլ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա»-«Սևիլիա» հանդիպումն էր, որ կայացավ 2015 թվականին հարևան Վրաստանում: «Բարսելոնայի» մասնակցությամբ որևէ խաղի հենց մարզադաշտից հետևելը վաղեմի երազանք էր (դե իհարկե, ավելի նախընտրելի կլիներ հենց «Նոու Կամպում»:), բայց սա դեռ մի կողմ թողնենք: Եվրոպայի Սուպերգավաթի խաղն, իհարկե, միշտ էլ ավելի շատ «ընկերական» բնույթ է կրել, մրցող թիմերը ոչ միշտ են դաշտ դուրս եկել մարտական կազմերով, ու պնդել այս մրցաշարի մարզական մեծ նշանակությունը, թերևս, այնքան էլ տեղին չէ, բայց Թբիլիսիում պատկերն այլ էր: Մարզադաշտում հավաքված ավելի քան 50 հազար հանդիսականները տեսան փայլուն ու դիտարժան ֆուտբոլ, անզիջում պայքար և … 9 գոլ, հաղթականը՝ 115-րդ րոպեին: Իսկապես ֆանտաստիկ էր: Իսկ մինչ այդ ամեն ինչի մասին՝ մի փոքր ավելի մանրամասն.

Մեսսիի, Նեյմարի «կրկնօրինակներն» ու եվրոպական ֆուտբոլի շունչը՝ Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաքն ամառային այդ օրերին կերպարանափոխվել էր: Գրեթե ամենուր՝ հատկապես քաղաքի կենտրոնական ու մարդաշատ փողոցներում, սուպերգավաթային խաղի մասին հիշեցնող ատրիբուտներ էին, դրոշներ: Անգամ մարզադաշտի մոտակայքում գտնվող հետիոտնային անցումները ներկվել էին «Բարսելոնայի» և «Սևիլիայի» ակումբային գույներով:

Բուն խաղի օրը Թբիլիսիի փողոցներում Մեսսիի, Նեյմարի, Ինյեստայի ու մյուս աստղերի «կրկնօրինակներն» էին շրջում, Ռուսթավելիի պողոտայում գործող ֆան գոտում ի ցույց էին դրվել ակումբային ֆուտբոլի գլխավոր տիտղոսներն, ինչը մեծ աժիոտաժ էր առաջացրել, իսկ մոտակա վրաններում «Բարսայի» ու «Ռեալի» չիպսեր էին վաճառվում (դե, իրականում սովորական չիպսեր էին):
Անզուգական ֆուտբոլն ու անթիվ ռեկորդները
Թբիլիսիում կայացած այս խաղն, իսկապես, ռեկորդային էր՝ նախ արդյունավետության տեսանկյունից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1997 թվականին ՊՍԺ-«Յուվենտուս» խաղում (1-6):
Կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին այդ խաղում 2 փայլուն գոլ խփեց տուգանայինից ու հավասարվեց Ռոնալդուին՝ այդ պահի դրությամբ եվրագավաթներում խփած գոլերի քանակով: Առհասարակ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղերում Մեսսին 3 գոլ է խփել:
Այդ խաղում գրանցվեց նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի պատմության ամենաարագ գոլը, որը հեղինակեց Էվեր Բանեգան արդեն 3-րդ րոպեին:
Կատալոնացիները 5-րդ անգամ նվաճեցին այս տիտղոսն ու կրկնեցին «Միլանի» ռեկորդը:

«Բարսելոնան» 9-րդ անգամ պայքարեց ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար և առհասարակ՝ դարձավ միակ թիմը, որն այս մրցաշարում 5 գոլ է խփել այն ժամանակից ի վեր, ինչ այն անցկացվում է մեկ խաղի ձևաչափով:
«Սևիլիան» դարձավ առաջին ակումբը, որն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի ընթացքում վերադարձրեց 3 գոլի տարբերությունը: Առհասարակ, «Սևիլիան» պայքարեց մինչև վերջ և մոտ էր հրաշք գործելուն, սակայն «Բարսան» ցույց տվեց, որ տվյալ պահին Եվրոպայի ուժեղագույն ակումբն է հանդիսանում:
Այս մեկ խաղի ընթացքում գրանցված ռեկորդներն, իսկապես, կարելի է երկար թվել: Մարզադաշտում հավաքված երկրպագուներն այդ օրն իսկական ֆուտբոլային ներկայացման ականատես եղան, որը, կարծում եմ, արժե ևս մեկ անգամ վայելել:
Խառը գոտին և միշտ պատրաստակամ իսպանացիները
«Բարսելոնայի» սան, իսպանացի հարձակվող Պեդրոն կատալոնական ակումբի կազմում իր վերջին հանդիպումն էր անցկացնում, և այն նշանավորեց անչափ կարևոր գոլով: Բառերով, թերևս, հնարավոր չէ նկարագրել այն խելահեղ մթնոլորտը, որ տիրում էր Թբիլիսիի Բորիս Պայչաջեի անվան «Դինամո» մարզադաշտում հանդիպման 115-րդ րոպեին. 50 հազար հանդիսական շունչը պահած սպասում էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի, բայց հրաշքը տեղի ունեցավ. Պեդրոն խփեց իր թիմի 5-րդ գոլն ու հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»:
Խաղից հետո կատալոնացիները պարգևատրվեցին խաղադաշտում, տոնեցին 5-րդ Գավաթը, այնուհետև ժամանեցին խառը գոտի՝ լրագրողների հարցերին պատասխանելու: Ի դեպ, բավականին տպավորիչ էր այն, թե ինչպես էին Պիկեն, Ինյեստան, Պեդրոն և մյուսները առանց զլանալու առանձին-առանձին զրուցում լրագրողների հետ, պատասխանում նրանց բոլոր հարցերին, այնուհետև՝ մի քանի քայլ այս կողմ, լսում մեկ այլ լրատվամիջոցի ներկայացուցչի: «Սևիլիայի» ֆուտբոլիստները ևս պատրաստակամ էին՝ չնայած ցավալի պարտությանը:
Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան