«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված հետաձգված Էլ կլասիկոյի հետ: Հոկտեմբերի 26-ին նախատեսված հանդիպումը կկայանա ավելի ուշ: Հստակ օրը դեռևս հայտնի չէ:
Հայտարարության մեջ ակումբը նշում է, որ նախատեսված օրը նրանք պատրաստ էին անցկացնել հանդիպումը՝ վստահ լինելով իրենց անձնակազմի և երկրպագուների պատշաճ պահվածքի վրա:
Սակայն հաշվի առնելով Լա լիգայի մրցութային կոմիտեի՝ հանդիպումը հետաձգելու մասին որոշումը՝ կատալոնական ակումբը հայտարարել է, որ առաջարկում է հանդիպումն անցկացնել դեկտեմբերի 18-ին:
Համաձայն Լա լիգայի մրցութային կոմիտեի որոշման՝ երկու թիմերը պետք է համատեղ որոշում կայացնեն հանդիպման անցկացման օրվա վերաբերյալ մինչև հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ն (տեղի ժամանակով):
Հիշեցնենք, որ հանդիպումը հետաձգվել է Կատալոնիայում տեղի ունեցող մասսայական անկարգությունների պատճառով: Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի Բարձրագույն դատարանը դատավճիռ է կայացրել կատալոնացի 9 պաշտոնյաների նկատմամբ 2017 թվականի մասսայական անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու համար: