Ֆրանսահայ լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի կյանքում իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի իր պատմական հայրենիքն ու այն ամենն, ինչ կապված է Հայաստանի հետ:
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկում ենք վերհիշել Ջորկաեֆի կյանքից մի քանի դրվագ, որոնք լավագույնս արտացոլում են լեգենդար հայի անհանդուրժողականությունը՝ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ամենադաժան ոճրագործությանը:
Ջորկաեֆին, թերևս, սիրել ու սիրում են ամենուր, միայն ոչ՝ Թուրքիայում: 1998 թվականի օգոստոսին պաշտոնական Անկարան նույնիսկ հայտարարեց, որ աշխարհի հավաքականի կազմում Յուրի Ջորկաեֆի՝ Թուրքիա ժամանելը ցանկալի չէ. իսկ այցի նպատակը լինելու էր Թուրքիայի հավաքականի հետ ընկերական խաղը՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության կազմավորման 75-ամյակին: Ջորկաեֆին, ամեն դեպքում, ընդգրկեցին աշխարհի հավաքականի կազմում, ինչն Անկարան որպես անձնական վիրավորանք ընդունեց:

Ճիշտ է՝ Ջորկաեֆը, որն ակտիվորեն օգտագործում էր իր հնարավորությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, հայտարարեց, որ ինքն անձամբ չի ցանկանում մեկնել Ստամբուլ՝ ցուցադրական խաղին մասնակցելու համար, և չմեկնեց: Նույնը տեղի ունեցավ նաև 2 տարի անց, երբ Յուրին հրաժարվեց Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել թուրքերի հետ ընկերական խաղին, իսկ մոտ 3 ամիս անց աշխարհի մեկ այլ չեմպիոն Ալեն Բոգոսյանի հետ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:
Իսկ Թուրքիայի՝ Ջորկաեֆի հանդեպ «ատելությունը» գալիս է դեռ ՈՒԵՖԱ-ի Գավաթի 1993/94 մրցաշրջանի խմբային մրցաշարից, երբ Յուրին, հանդես գալով «Մոնակոյի» կազմում, գրավեց «Գալաթասարայի» դարպասն ու խաղից հետո հայտարարեց, որ դա իր պատասխանն էր թուրքերի կողմից դարասկզբին իրականացրած վայրագություններին:
Անկասկած, Թուրքիայում դա չմոռացան: