«Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչը «Նոայից» կրած պարտությունից հետո ամփոփել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումը։
«Շնորհավորում եմ երկու թիմերին: Կարծում եմ՝ մենք արժանի չէինք պարտության: Մրցակիցը մեկ հարված ուղղեց դարպասին և գոլ խփեց մեր սխալի պատճառով: Առաջին խաղակեսում մենք ունեինք 100 տոկոսանոց գոլային պահ: Եթե խփեինք, խաղի ընթացքը կփոխվեր, ավելի շատ տարածք կունենայինք, իսկ նրանք ստիպված կլինեին առաջ գնալ: Ցանկանում էի, որ ամեն ինչ որոշվեր Պոդգորիցայում, և այդպես էլ եղավ, թեև նախընտրում էի 0:0 հաշիվը: Այս արդյունքը մեզ հնարավորություն է տալիս արդյունավետ խաղ ցուցադրել։
Ես թիմի հետ ընդամենը յոթ մարզում եմ անցկացրել և փոխել ենք խաղային համակարգը, ինչը բարդ էր: Խաղացողները կատարեցին իմ պահանջները և 90 րոպե պայքարեցին: «Նոայի» խաղացողները որակյալ են, նրանցից երկուսի աշխատավարձը հավասար է մեր թիմի ամբողջ բյուջեին:
Մենք մոտ էինք գոլ խփելուն, և եթե դա տեղի ունենար, իմ պլանը կաշխատեր: Այնուամենայնիվ, մեր մոտեցումը սխալ չէր: Ես ասել էի, որ ցանկանում եմ հույս տվող արդյունք, և դա հաջողվեց, բայց ցավալի է, որ գոլ բաց թողեցինք մեր սխալով: Ամեն ինչ կորոշվի Պոդգորիցայում, որտեղ «Նոայի» համար շատ ավելի դժվար կլինի: Կլինի դժոխային մթնոլորտ: Նույնիսկ 0:0-ի դեպքում տանը պետք է գոլ խփեինք:
Կոչ եմ անում երկրպագուներին լցնել տրիբունաները և ցույց տալ, թե ինչպես են սիրում Պոդգորիցան ու Չեռնոգորիան: Հաջորդ փուլ անցնելը սենսացիա կլինի՝ հաշվի առնելով «Նոայի» բյուջեն և խաղացողների աշխատավարձերը: Եթե մենք նման բյուջե ունենայինք, ամեն տարի Չեմպիոնների լիգայում կլինեինք։
Մինչև խաղի վերջը վախենում էինք կարմիր քարտ ստանալ: Գոլը բաց թողեցինք հենց այդ գոտուց, քանի որ չէինք կարող ագրեսիվ խաղալ: Ֆուտբոլը սխալների խաղ է: Եթե մեր պաշտպանները դեղին քարտեր չունենային, կարող էինք ավելի լավ պաշտպանվել», — Լալատովիչի խոսքն է մեջբերում Vijesti.me-ն։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։