Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն ասել է, որ 2025 թվականի «Ոսկե գնդակը» պետք է նվաճի ՊՍԺ-ի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն, ինչպես նաև բացատրել է, թե ինչու «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը չպետք է նվաճի հեղինակավոր մրցանակն այս տարի։
«Ո՞ւմ կտայի «Ոսկե գնդակը»։ Իհարկե Դեմբելեին։ Լամինը դեռ պետք է իր արժեքը ապացուցի ավելի երկար ժամանակահատվածում։ Ուսմանն ավելի վաղ է սկսել։ Եթե հիմա այն տանք այս փոքրիկ Լամինին… (ծիծաղում է)։ Նա դեռ շատ բան ունի ապացուցելու, պետք է ավելին ցույց տա։ Եկեք նրան հանգիստ թողնենք, նա դեռ երիտասարդ ու շատ տաղանդավոր է»,- Մակելելեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Թեկնածուների անունները կհայտարարվեն օգոստոսին։