«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Վոյցեխ Շչեսնու հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա լեհ դարպասապահի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
2024-ի ամռանը Շչեսնին լքել է իտալական «Յուվենտուսը», որի կազմում հանդես էր գալիս 2017 թվականից, և հայտարարել կարիերան ավարտելու մասին։ Սակայն մեկուկես ամիս անց նա որոշել է վերսկսել կարիերան և տեղափոխվել «Բարսելոնա», որն առանց հիմնական դարպասապահի էր մնացել Մարկ-Անդրե տեր Շտեգենի վնասվածքի պատճառով։ «Կապտանռնագույնների» կազմում Շչեսնին անցկացրել է 30 հանդիպում՝ նպաստելով Իսպանիայի չեմպիոնության և Իսպանիայի գավաթի նվաճմանը։ Նախկինում նա հանդես է եկել «Ռոմայի», «Բրենթֆորդի», «Արսենալի» կազմում և 84 հանդիպում է անցկացրել Լեհաստանի ազգային հավաքականում։