«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մամուլի ասուլիս է անցկացրել Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում՝ Դորտմունդի «Բորուսիային» հաղթելու և Ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո:
«Ֆուտբոլը անկանխատեսելի է: Մինչև 2:1 հաշիվը մենք լավ էինք վերահսկում խաղը, բայց դրանից հետո կարճ ժամանակում իրավիճակը բարդացավ: Կիսաեզրափակիչում ենք և երջանիկ ենք, սակայն սա դաս է՝ մինչև վերջ զգոն և կենտրոնացած մնալու համար: Ընդհանուր առմամբ գոհ եմ խաղից, այն իսկական քառորդ եզրափակիչ էր»,- ասել է Ալոնսոն:
Նա նշել է, որ թիմը լավ էր վերահսկում խաղը, իսկ կատարած փոփոխությունները խաղը լիովին բերել են իրենց վերահսկողության տակ: «Հնարավորություն ունեինք երրորդ գոլը խփելու: Երկրպագուների աջակցությունը մեզ ուժ տվեց, բայց 2:1-ից հետո խառնաշփոթ առաջացավ: Պետք է վերլուծենք սա և բարելավենք, որպեսզի նման իրավիճակներում ավելի լավ խաղանք»,- հավելել է նա:
Խոսելով ՊՍԺ-ի հետ կիսաեզրափակչի մասին՝ Ալոնսոն նշել է. «Հիանալի հանդիպում է սպասվում: Այսօր խաղացինք Չեմպիոնների լիգայի փորձ ունեցող թիմի դեմ, իսկ հիմա կհանդիպենք գործող չեմպիոններին: Նրանք բարձր մակարդակ են ցուցադրում 1/8 եզրափակիչից սկսած: Սա մեծ մարտահրավեր է, բայց մենք աճում ենք և պատրաստվում ենք այդ խաղին»:
Ալոնսոն ընդգծել է, որ թիմը կենտրոնացած է կիսաեզրափակիչը հաղթելու վրա՝ եզրափակչի մասին մտածելուց առաջ: «Պետք է թիմային մակարդակով աճենք և պահպանենք նույն տեմպը»,- ասել է նա:
Մարզիչը գովեստով է խոսել Տիբո Կուրտուայի մասին. «Բախտավոր ենք, որ Կուրտուան մեզ հետ է: Նա այն դարպասապահներից է, ով կարող է խաղեր փրկել և մեծ ազդեցություն ունենալ թիմի վրա»:
Հոյսենի բացակայության մասին խոսելիս Ալոնսոն նշել է. «Դեռ չեմ մտածում կիսաեզրափակչի մասին: Երկու ժամ հանգստանալու կարիք ունեմ: Հոյսենի բացակայությունը վատ նորություն է, բայց մենք թիմ ենք և կփորձենք փոխարինել նրան»:
Ալոնսոն գոհ է Ֆրան Գարսիայի խաղից՝ ընդգծելով նրա կենտրոնացումն ու խաղը կարդալու կարողությունը: «Նա օգտվեց Վինիսիուսի վրա կենտրոնացած ուշադրությունից և ճիշտ պահին ճիշտ տեղում էր»,- ասել է նա:
Գոնսալո Ռամոսի մասին մարզիչը նշել է. «Նա բնածին հարձակվող է և լավ մրցաշրջան է անցկացնում: Միշտ ճիշտ պահին ճիշտ վայրում է, և մենք գոհ ենք նրա աշխատանքից»:
Անդրադառնալով Ֆեդե Վալվերդեին՝ Ալոնսոն գովել է նրա բազմակողմանիությունը. «Նա խաղի ընթացքում փոխեց դիրքն ու խաղաոճը՝ դառնալով եզրային պաշտպան, երբ Տրենտը հոգնեց: Նա առանցքային խաղացող է»:
Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի մասին խոսելիս նա նշել է. «Նա ընդամենը երեք շաբաթ է թիմի հետ, բայց լավ առաջին խաղակես անցկացրեց: Նա դեռ ինտեգրվում է, և մենք գոհ ենք նրանից»:
Խաղային սխեմայի մասին Ալոնսոն ասել է. «Սխեման ճկուն է և կախված է խաղի ընթացքից: Չուամենիի դիրքը կարևոր է: Ֆուտբոլը պահանջում է արագ որոշումներ, և ես չեմ կենտրոնանում միայն սխեմայի վրա: Կարևոր է, որ խաղացողները հասկանան իրենց խնդիրը»:
Մբապեի վերաբերյալ նա նշել է, որ խաղացողի վիճակը լավանում է, բայց նա դեռ լիովին պատրաստ չէ: «Երեք օր ունենք զարգացման համար»,- հավելել է նա:
Ի վերջո, Ալոնսոն ընդգծել է թիմի առաջընթացը. «Մեր նպատակն է խաղալ կոմպակտ, կառավարել հեռավորությունները և ճիշտ պահերին հարձակվել կամ պաշտպանվել: Այդ ուղղությամբ առաջընթաց կա, և մենք շարունակում ենք զարգանալ»: