«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո (3:2) հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ ապահոված «արքայական» ակումբի խաղացողները աստիճանաբար լքել էին «ՄետԼայֆ» մարզադաշտը՝ ավտոբուսով մեկնելու Մայամիի Վեստ Փալմ Բիչ՝ թիմի մրցաշարային բազան։
Թիմի կազմն արդեն ավտոբուսում էր, իսկ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը՝ իր մեքենայում, սակայն Կիլիան Մբապեն բացակայում էր։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված էր ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված եղավ մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։
Թիմը լքել է մարզադաշտը տեղական ժամանակով 19:30-ին, մինչդեռ Մբապեն դուրս է եկել միայն 20:28-ին՝ մոտ մեկ ժամ ուշացումով։ Նրան ուղեկցել է ակումբի ներկայացուցիչը, և նա մեկնել է սև մեքենայով՝ հինգ ոստիկանական մեքենայից բաղկացած շքախմբի ուղեկցությամբ։