«Լիվերպուլը» հետաձգել է նախամրցաշրջանային հավաքի մեկնարկը՝ թիմի հարձակվող Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան պատճառով, որը տեղի է ունեցել Իսպանիայում ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի տվյալներով՝ խաղացողների առաջին խումբը պետք է ժամաներ մարզաբազա հուլիսի 4-ին՝ ուրբաթ օրը, իսկ մարզական հավաքը նախատեսված էր սկսել հուլիսի 8-ին։ Ներկայումս տեղեկություն չկա, թե երբ կմեկնարկի «Լիվերպուլի» նախամրցաշրջանային պատրաստությունը։
28-ամյա Ժոտան «Լիվերպուլ» էր տեղափոխվել «Վուլվերհեմփթոնից» 2020 թվականի սեպտեմբերին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 182 հանդիպման՝ խփելով 65 գոլ և կատարելով 26 գոլային փոխանցում։ «Լիվերպուլի» կազմում Ժոտան նվաճել է Անգլիայի առաջնության, Անգլիայի գավաթի և երկու անգամ Լիգայի գավաթի տիտղոսները։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա երկու անգամ հաղթել է Ազգերի լիգան։