«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հեռանկարները։
Ավելի վաղ Transfer Feed-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սպերցյանի տրանսֆերով և հայ կիսապաշտպանին դիտարկում է որպես Բրունու Ֆերնանդեշի հնարավոր փոխարինող։
«Եթե Սպերցյանը լավ առաջարկ ստանա, դա նշանակում է, որ նա պատրաստ է տեղափոխության։ Եթե թոփ-5 լիգաներից լավ առաջարկ չլինի, ապա մեկնելու իմաստ չկա։ Պատրա՞ստ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Ամեն ինչ կախված է նրանից։ Որոշումը պետք է կայացնի հենց Էդուարդը, եթե զգում է, որ պատրաստ է պայքարել կազմում տեղի համար», – ասել է Բիստրովը Metaratings.ru-ին տված հարցազրույցում։
25-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ «Ցուլերի» կազմում նա անցկացրել է 143 հանդիպում, խփել է 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։