Կրիշտիանու Ռոնալդուի քույր Կատյա Ավեյրուն արձագանքել է հասարակության քննադատություններին, որոնք ուղղված էին Պորտուգալիայի հավաքականի ավագին՝ իր թիմակից Դիոգու Ժոտայի հուղարկավորությանը չներկայանալու համար։
Սգո արարողությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Պորտուի մոտակայքում գտնվող Գոնդոմարի եկեղեցում։ Հուղարկավորությանը ներկա են եղել Ժոտայի թիմակիցները «Լիվերպուլից» և Պորտուգալիայի հավաքականից։ Կատյա Ավեյրուի խոսքով՝ Ռոնալդուի ներկայությունը կարող էր խանգարել արարողության խորհրդին՝ ստվեր գցելով հրաժեշտի պահի վրա։
«Երբ հայրս մահացավ 2005 թվականին, բացի կորստի ցավից, մենք ստիպված էինք դիմանալ տեսախցիկների և հետաքրքրասեր մարդկանց ներկայությանը՝ թե՛ գերեզմանատանը, թե՛ այլ վայրերում։ Այն ժամանակ էլ ուշադրությունն ահռելի էր, և մենք նույնիսկ չէինք կարողանում դուրս գալ մատուռից։
Հուղարկավորությանը ներկա էին ազգային հավաքականի ղեկավարներն ու մարզիչները, այդ թվում՝ Լուիշ Ֆիլիպե Սկոլարին։ Բայց ես չեմ հիշում, որ տեսած լինեմ նրանցից որևէ մեկին, թեև վստահ եմ, որ նրանք ողջունել են ինձ։ Ցավն ամեն ինչ ծածկել էր։
Ցավի, ընտանիքի և անկեղծ աջակցության մասին… դուք երբեք չեք հասկանա դրա իմաստը, մինչև ինքներդ չապրեք նման կորուստ։ Եթե ինչ-որ մեկը քննադատի եղբորս՝ ես նրան պարզապես կարգելափակեմ։ Դա նա կանի միայն մեկ անգամ։
Սա արդեն հոգնեցուցիչ է։ Ֆանատիզմ։ Քննադատություն՝ առանց պատճառի, կրկնում եմ՝ առանց որևէ պատճառի։ Հիվանդ հասարակություն… Բոլորն ունեն ընտանիք։ Ամոթ է տեսնել, թե ինչպես են հեռուստաալիքները, մեկնաբանները և սոցիալական ցանցերն ընդգծում Կրիշտիանուի բացակայությունը՝ փոխարենը հարգանքով վերաբերվելու ցավի մեջ գտնվող ընտանիքին, որը կորցրել է երկու եղբայրների։ Դա ցավալի է», – գրել է Կատյա Ավեյրուն սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին 28-ամյա Դիոգու Ժոտան և նրա 25-ամյա եղբայր Անդրե Սիլվան զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։