«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացակայել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հուղարկավորությունից, քանի որ ցանկացել է խուսափել մամուլի ուշադրությունից, վստահեցնում է A Bola-ն։
Հինգշաբթի հայտնի դարձավ, որ Ժոտան և նրա եղբայրը, որը խաղում էր «Պենաֆիել» ակումբում, զոհվել են ՃՏՊ-ի հետևանքով Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։
Ըստ հրատարակության՝ Ռոնալդուն համոզված էր, որ իր ներկայությունը հուղարկավորությանը լրացուցիչ ճնշում կստեղծեր Ժոտայի ընտանիքի համար։ Նշվում է, որ նա խոսել է Ժոտայի մտերիմների հետ, և նրանք միասին որոշել են, որ ավելի նպատակահարմար կլինի, եթե Ռոնալդուն չմասնակցի արարողությանը։
Ավելի վաղ հաղորդել էինք՝ հղում անելով The Times-ին, որ Ռոնալդուն բացակայել է Ժոտայի հուղարկավարությունից՝ ընտանիքի հետ Մալյորկայում գտնվելու պատճառով։
Դիոգու Ժոտան «Լիվերպուլում» հանդես էր գալիս 2020 թվականից՝ անցկացնելով 182 հանդիպում և նվաճելով երեք տիտղոս։ Մինչ այդ նա խաղացել է «Վուլվերհեմփթոնում», «Պորտուում», Մադրիդի «Ատլետիկոյում» և «Պասուշ դե Ֆերեյրայում»։
Նախորդ մրցաշրջանում Ժոտան «Լիվերպուլի» կազմում դարձել էր Անգլիայի չեմպիոն, իսկ հունիսին երկրորդ անգամ հաղթել էր Ազգերի լիգայում՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։