«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը սկսել է կարգուկանոն հաստատել թիմում դեռևս նախամրցաշրջանային մարզումների մեկնարկից առաջ և կարևոր նախազգուշացում է արել ակումբի ղեկավարությանը։ Այս մասին հայտնում է Don Balon-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը մարզական տնօրեն Դեկուին վերջնագիր է ներկայացրել. եթե Մարկ-Անդրե տեր Շտեգենը և Օրիոլ Ռոմեուն ակումբում մնան մինչև հուլիսի 13-ը, լուրջ խնդիրներ կառաջանան։
Նշվում է, որ Ֆլիկն արդեն հստակեցրել է, որ նոր մրցաշրջանում հույսը չի դնում այդ խաղացողների վրա։ Ռոմեուի դեպքում ամեն ինչ պարզ է՝ մարզիչը նրան չի տեսնում որպես թիմի մակարդակին համապատասխանող խաղացող։
Սակայն տեր Շտեգենի հետ կապված իրավիճակը շատ ավելի բարդ է։ Գերմանացի դարպասապահը, ըստ ներքին աղբյուրների, դժգոհություն է առաջացրել Ֆլիկի մոտ իր «թունավոր» վարքագծի համար՝ անցյալ մրցաշրջանի վերջում։
Ֆլիկը պահանջում է, որ ակումբի ղեկավարությունը սահմանի առաջնահերթություններ՝ նախ ազատվել ավելորդ խաղացողներից, ապա միայն իրականացնել նոր տրանսֆերներ։ Հակառակ դեպքում՝ արդեն հուլիսի 13-ին, երբ թիմը կհավաքվի առաջին մարզմանը, հանդերձարանում կարող է հակամարտություն սկսվել։