ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսին» 2։1 հաշվով առավելության հասավ բրազիլական «Պալմեյրասի» նկատմամբ՝ ապահովելով իր տեղը մրցաշարի կիսաեզրափակիչում։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Քոուլ Պալմերը։ Բրազիլական ակումբից 53-րդ րոպեին պատասխանեց Էստեվաոն, որը մրցաշարի ավարտից հետո իր կարիերան շարունակելու է հենց «Չելսիում»։
Խաղի վերջնամասում՝ 83-րդ րոպեին, Մալո Գյուստոյի փոխանցումը որսալու պահին Վեվերտոնը անզգուշորեն գրավեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այսպիսով, կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբի մրցակիցը կլինի կրկին բրազիլական թիմ՝ «Ֆլումինենսեն»։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։