Լոնդոնի «Չելսին» հայտնել է «Բրայթոնից» բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոյի ձեռքբերման մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2033 թվականը։ Ըստ լրատվամիջոցների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 55 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ «Բրայթոնը» կարող է ստանալ ևս 5 միլիոն ֆունտ՝ բոնուսների տեսքով։
«Բոլորը գիտեն, որ «Չելսին» մեծ ակումբ է՝ հարուստ պատմությամբ։ Շատ ուրախ եմ միանալ թիմին։ Երբ խաղում ես «Չելսիի» կազմում, պետք է մտածես միայն հաղթանակի մասին», – ասել է Ժոաո Պեդրոն։
Հարձակվողը կարող է իր նորամուտը նշել «Չելսիի» կազմում աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում՝ բրազիլական «Պալմեյրասի» դեմ խաղում, որը կկայանա հուլիսի 4-ին Ֆիլադելֆիայում։
Ժոաո Պեդրոն «Բրայթոնում» հանդես է եկել 2023 թվականի ամռանից՝ անցկացնելով 70 հանդիպում և խփելով 30 գոլ։ Մինչ այդ նա խաղացել է «Ուոթֆորդում» և բրազիլական «Ֆլումինենսեում»։ Նա նաև երեք հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։