Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված ունեցած «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ թե մարզական, այլ արտաքին գործոնների ազդեցությամբ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը վերջերս հայտարարել էր, որ դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և չի կարող հաստատել՝ արդյոք կմնա «Կրասնոդարի» կազմում նաև հաջորդ մրցաշրջանում։
2024/25 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։