«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուն, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», ամռանը կարող է հեռանալ կատալոնական ակումբից: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» մտադիր է վաճառել Կոուտինյուին և 125 մլն եվրո ստանալ նրա վաճառքից: Ակումբին գումարներ են անհրաժեշտ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու, ինչպես նաև «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար:
Հաղորդվում էր, որ Կոուտինյուի վաճառքի համար իդեալական տարբերակ է Անգլիայի առաջնության թիմերից մեկը, քանի որ նրանք բավականաչափ ֆինանսական միջոցներ ունեն: Բացի դա, ֆուտբոլիստն ասել է, որ կցանկանար վերադառնալ ԱՊԼ:
Կոուտինյուն 2013-ից 2018 թվականներին պաշտպանել է «Լիվերպուլի» գույները, ինչից հետո տեղափոխվել է «Բարսելոնա» 145 մլն եվրոյի դիմաց: Իսպանական ակումբի կազմում նա 76 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 21 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: