Նիդեռլանդների ազգային հավաքականի և «Այաքսի» նախկին հարձակվող Կվինսի Պրոմեսը արտահանձնվել է Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Նիդեռլանդներ՝ իրեն մեղսագրվող հանցագործությունների համար պատիժ կրելու նպատակով: Այս մասին հայտնել են Նիդեռլանդների դատախազությունը և Վերաքննիչ դատարանը:
33-ամյա ֆուտբոլիստը դատապարտվել է երկու քրեական գործով: Առաջին գործով նա մեղավոր է ճանաչվել ավելի քան 1300 կգ կոկաինի ներմուծման համար (6 տարվա ազատազրկում), իսկ երկրորդ գործով՝ զարմիկի վրա դանակով հարձակման համար (1.5 տարվա ազատազրկում): Ընդհանուր պատժաչափը կազմում է 7.5 տարի: Եթե վերաքննիչ դատարանը հաստատի դատավճիռները, Պրոմեսը պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում կարող է ազատվել ոչ շուտ, քան 2030 թվականին:
Ըստ տեղեկությունների՝ Պրոմեսը ձերբակալվել է Դուբայում՝ իր բնակարանում, այնուհետև տեղափոխվել է կալանավայր: Ներկայում նա արդեն Նիդեռլանդներում է: De Telegraaf պարբերականի փոխանցմամբ՝ Պրոմեսը պատրաստակամություն է հայտնել համագործակցել դատարանի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում գտնվելու ընթացքում նա խաղացել է տեղի երկրորդ դիվիզիոնի «Դուբայ Յունայթեդ» ակումբում: