Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկային խաղը «Ալ Հիլալի» դեմ, որն ավարտվել է ոչ-ոքի։ Բելգիացին խոսել է թիմի խաղի, նորեկների նորամուտի, մարզչի ցուցումների և բաց թողնված 11-մետրանոցի մասին՝ ընդգծելով, որ երկրորդ խաղակեսի խաղը պետք է դառնա առաջիկա հանդիպումների հիմք։
«Առաջին խաղակեսում մենք չափազանց դանդաղ էինք խաղում, և «Ալ Հիլալն» ավելի վտանգավոր էր։ Մենք գոլ խփեցինք, բայց հիմար սխալի պատճառով 11-մետրանոց թույլ տվեցինք, ինչը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում ուղղեցինք մեր խաղը, ավելի արագ և շարժուն դարձանք։ Չնայած վտանգավոր պահեր ստեղծեցինք, գոլ խփել չհաջողվեց։ Ցավալի է, որ բաց թողնեցինք 11-մետրանոցը, բայց եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում, դա մեզ կօգնի առաջիկա խաղերում։ Այդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք, և հենց այդ գիծը պետք է պահպանենք։
Թրենտն ու Հույսենը լավ խաղացին, և առաջին հանդիպման համար նրանց ելույթը բավականին լավ էր։ Եթե կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, մենք դրանք կվերլուծենք տեսանյութերի միջոցով։
Մարզիչը մեզ հորդորում է խաղը կառուցել փոխանցումներով և չշտապել անմիջապես հարձակվել։ Երբեմն ավելի լավ է գնդակը պահել՝ տարածություններ բացելու համար։ Չափից արագ խաղը դժվարացնում է ճշգրիտ փոխանցումները։ Երկրորդ խաղակեսում մենք դա ավելի լավ արեցինք։ Ֆեդեն հզոր հարված կատարեց, բայց դարպասապահը շատ շուտ ընկավ, ինչը թույլ տվեց նրան հետ մղել գնդակը։ Ցավալի է, բայց Ֆեդեն պետք է գլուխը բարձր պահի և առաջ շարժվի»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։