Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն մամուլի ասուլիս է անցկացրել Լոս Անջելեսում՝ 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում թիմի նորամուտից առաջ։ Հարցերից մեկը վերաբերել է միլանյան թիմի հայ կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանին։
«Իմ կարծիքով, չպետք է խոսել տարիքի մասին, քանի որ տարիքը պարզապես թիվ է։ Ավելի կարևոր են խաղացողների մարդկային որակները։ Հենրիխ Մխիթարյանն ունի հսկայական ներուժ։ Նա դա ապացուցեց իր նվիրվածությամբ և խաղալու անհավանական ցանկությամբ, հատկապես վերջին մրցաշրջանում։ Նրա պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ չի կարող դրվել։ Նա շատ կարևոր խաղացող է «Ինտերի» համար։
Հուսով եմ, որ նա կվերականգնի այն մոտիվացիան և էներգիան, որը ես տեսա նրա մեջ՝ և դեռ տեսնում եմ, ինչը չափազանց կարևոր է։ Ամեն դեպքում, անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք, ինչպես նաև թիմակիցների նկատմամբ հարգանք, գնահատանք թիմի նկատմամբ և իհարկե, այն աջակցությունը, որ մենք ստանում ենք»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք՝ աշխարհի ակումբային առաջնությունում «Ինտերը» հանդես կգա խմբային փուլում, որտեղ կանցկացնի երեք հանդիպում: Միլանցիները հունիսի 17-ին Փասադենայում կմրցեն «Մոնտերեյի» հետ, հունիսի 21-ին Սիեթլում կկայանա «Ինտեր» — «Ուրավա Ռեդ Դայմոնդս» հանդիպումը, իսկ հունիսի 25-ին նույն վայրում Մխիթարյանի թիմը կմրցի «Ռիվեր Փլեյթի» հետ: