Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը մնում են «Նոայում»։ Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել էր 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», — ասել է Արտակ Դաշյանը։
Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել էր 2023/24 մրցաշրջանի միջնամասում։ Դարպասապահը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել իր դարպասը։
«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», – ասել է Օգնյեն Չանչարևիչը։
Իսկ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», – ասել է Հովհաննես Համբարձումյանը։
Մինչ այս էլ «Նոան» հայտարարել էր Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։