«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը Կոսովոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Միանշանակ, հավաքականի խաղերում միշտ պետք է փորձել առավելագույնը քաղել։ Մարզչի դավանած ֆուտբոլը շատ հետաքրքիր է, և ձեռագիրն էլ՝ նույնպես։ Մրցակիցը տարեց տարի բավականին լավ թիմ է կառուցում և ավելի լավ ֆուտբոլ է խաղում։ Մանրամասն վերլուծել ենք և կփորձենք հաջողության հասնել։
Հավաքականում պետք է փորձենք հաղթել բոլոր խաղերում, և այն, ինչ եղել է Վրաստանի հետ հանդիպման ժամանակ, չի կարող ուղղակի կրկնվել, քանի որ մենք աշխատանք ենք կատարել դրա շուրջ»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Շաղոյանը։
Նշենք, որ Կոսովո – Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 6-ին, Երևանի ժամանակով 21:00-ին։