Բրազիլական «Ֆլումինենսեի» նախագահ Մարիո Բիտենքուրը հայտնել է, որ կապ է հաստատել «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շրջապատի հետ՝ քննարկելու նրա հնարավոր մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնությանը։
Պաշտոնյան նշել է, որ անձամբ չի շփվել 40-ամյա պորտուգալացու հետ, որը, ըստ լուրերի, պատրաստվում է լքել «Ալ-Նասրը»։ Փոխարենը նա դիմել է Ժորժե Մենդեշին, որը նախկինում եղել է Ռոնալդուի գործակալը։
«Ես սերտ հարաբերություններ չունեմ Ժորժե Մենդեշի հետ, բայց երբ զանգում եմ, նա պատասխանում է։ Նա Կրիշտիանու Ռոնալդուի գործակալն էր երկար տարիներ, բայց այժմ՝ այլևս ոչ։ Այնուամենայնիվ, ես կապ հաստատեցի նրա հետ՝ պարզելու, թե արդյոք կա որևէ հնարավորություն, որ Ռոնալդուն խաղա «Ֆլումինենսեի» կազմում Աշխարհի ակումբային առաջնությունում։
Նա շատ անկեղծ էր և ասաց, որ ներկայում Ռոնալդուն հետաքրքրված չէ բրազիլական ֆուտբոլում խաղալով։
Ես նշեցի, որ «Ֆլումինենսեի» գույները համընկնում են Պորտուգալիայի դրոշի գույների հետ, և որ Բրազիլիայում խաղալը հիանալի կլիներ, ինչը երազանք կդառնար մեր երկրպագուների համար։ Սակայն չենք կարող ասել, որ մենք կոնկրետ առաջարկ ենք արել», — Բիտենքուրի խոսքերն է մեջբերում TMW-ն՝ հղում անելով «Setor Sul» փոդքասթին։