Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի դեմ խաղից առաջ նշել է, որ չպետք է կենտրոնանալ Եվրո-2024-ի կիսաեզրափակչի վրա, որտեղ ֆրանսիացիները պարտվել էին իսպանացիներին 1:2 հաշվով։
«Ես չեմ սիրում «վրեժ» բառը։ Սա այլ մրցաշար է, այլ կիսաեզրափակիչ։ Սա նոր հնարավորություն է եզրափակիչ դուրս գալու համար։ Չեմ ցանկանում վերադառնալ Եվրո-2024-ի կիսաեզրափակչին, բայց համաձայն եմ, որ այդ խաղում Իսպանիան գերազանցեց մեզ, հատկապես գնդակի վերահսկման առումով։ Չեմ հերքում, որ նախորդ անգամ իսպանացիներն ավելի ուժեղ էին, բայց չեմ կարծում, որ մեր միջև մեծ տարբերություն կա։
Իդեալական դեպքում Իսպանիայի դեմ խաղում պետք է շատ հստակ գործել պաշտպանությունում։ Սակայն, եթե մտածենք միայն պաշտպանության մասին, ֆուտբոլ խաղալն իմաստ չի ունենա։ Պետք է գտնել հավասարակշռություն հարձակման և պաշտպանության միջև։ Մեր մրցակիցը սիրում է և ձգտում է շատ խաղալ գնդակով։ Մեր գլխավոր խնդիրը պետք է լինի Իսպանիայի հավաքականի համար խաղադաշտում հեշտ պայմաններ չստեղծելը», — նշել է Դեշամը։
Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ հունիսի 5-ին, ժամը 23:00-ին (Երևանի ժամանակով)։