«Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերջինիս տեղեկություններով՝ երկու ակումբներն արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Գործարքը կկազմի 30 միլիոն եվրո, և ևս 5 միլիոն եվրո «ռոսոներիները» կստանան բոնուսների տեսքով։
Նշվում է, որ գործարքը դեռևս վերջնականացված չէ․ այս պահին քննարկվում են Տեո Էրնանդեսի անձնական պայմանագրի մանրամասները «Ալ-Հիլալի» հետ։
Ավարտված մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը «Միլանի» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Էրնանդեսի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։