Հայտնի թուրք խոհարար և բլոգեր Սոլթ Բեյը, որը աշխարհին հայտնի է աղ ցանելու իր յուրահատուկ ժեստով, կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո կազմակերպված երեկույթում տեղի ունեցած վիճահարույց միջադեպի պատճառով։
Այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն եզրափակիչում 5:0 հաշվով ջախջախեց «Ինտերին», ակումբը մեծ տոնակատարություն կազմակերպեց։ Սակայն Սոլթ Բեյի ներկայությունը նյարդայնացրել է ինչպես խաղացողներին, այնպես էլ անվտանգության աշխատակիցներին ու մի շարք հյուրերի։
Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսանյութում երևում է, թե ինչպես կազմակերպիչները, մի քանի նախազգուշացումներից հետո, ստիպված են եղել խնդրել նրան լքել միջոցառման տարածքը։ Երբ նա անտեսել է խնդրանքները, անվտանգության աշխատակիցները բառացիորեն հեռացրել են նրան տարածքից։
Gotta love seeing Salt Bae get the boot from a Champions League after party#PsgInter
pic.twitter.com/MPm6UNhIvQ— RGF (@rgfray1) June 2, 2025
Սոլթ Բեյը հերքել է այս պնդումները՝ նշելով, թե ինքն ընդամենը ներկա է եղել երկրպագուներին ողջունելու նպատակով և չի հրավիրվել որևէ մասնավոր երեկույթի։ Instagram-ում հրապարակած հայտարարության մեջ նա ընդգծել է, որ տեսանյութում երևացող միջադեպը սխալ մեկնաբանություն է, իսկ տարածվող լուրերը՝ «անհիմն հարձակում» իր հեղինակության վրա։
Սա առաջին դեպքը չէ, երբ Սոլթ Բեյը հայտնվում է նման իրավիճակում։ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա արժանացավ քննադատության՝ խաղադաշտ մուտք գործելու և գավաթը ձեռք տալու համար, ինչը խախտում էր FIFA-ի կանոնները։ Դրանից հետո FIFA-ն սկսեց հետաքննություն, իսկ մամուլում հայտնվեցին լուրեր, ըստ որոնց՝ նրան կարող են արգելել մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Նշենք, որ Սոլթ Բեյը Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի ընկերակցությամբ, սակայն վերջինս, ըստ լուրերի, չի ցանկացել աջակցել նրան՝ մասնակցելու թիմի կողմից կազմակերպված տոնակատարությանը։