Այսօր տեղի է ունեցել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայում ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:
Ողջունելով ներկաներին՝ Դավիդ Տրեզեգեն շնորհակալություն է հայտնել Հայաստանում ստացած ջերմ ընդունելության համար։
«Երկու օր Երևանում լինելով՝ կարող եմ վստահ ասել, որ այս երկիրը հարուստ է դրական էներգիայով, պատմությամբ և մեծ ներուժով՝ նաև ֆուտբոլի առումով։ Երեկ ես հնարավորություն ունեցա ֆուտբոլ խաղալու հայ երեխաների հետ և նրանց աչքերում նկատեցի այն կրակը, որը նրանց անպայման կդարձնի ֆուտբոլիստ։ Դրանք շատ կարևոր որակներ են, որոնց զարգացման համար, անշուշտ, կարևոր է բոլորիս աջակցությունը։ Հայաստանում «Յուվենտուս» ակադեմիայի հիմնադրումը շատ կարևոր նախաձեռնություն է, որը վկայում է համատեղ ցանկության մասին՝ սպորտի զարգացմանն աջակցելու առումով։ «Յուվենտուսի» մուտքը Հայաստան վկայում է այն մասին, որ այստեղ կզարգանա շատ կայուն ֆուտբոլ՝ հիմնված նոր մեթոդների և նոր որակի վրա»,- ասել է Դավիդ Տրեզեգեն։
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։