Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ: Հայտացուցակում էր նաև արգենտինական «Բանֆիլդում» հանդես եկող Թոմաս Ադորյանը, որը առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական։
23-ամյա հարձակողական կիսապաշտպան Թոմաս Ադորյանը, ով ծնվել է Միսիոնես նահանգում, հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և պատրաստվում է իր միջազգային նորամուտին: «Սա իմ երազանքն է», — ոգևորությամբ նշում է նա։
Վերջին օրերին Սան Պեդրոյի բնակիչները հպարտությամբ և խանդավառությամբ խոսում են Թոմաս Ադորյանի մասին՝ «Առաջ, Թոմա՛ս, դու կարող ես»։ Նրա՝ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը կարևոր քայլ է դեպի իր երազանքը՝ խաղալ եվրոպական ակումբում: Այս ձեռքբերումը պատահական չէ. այն նվիրվածության, վճռականության և կրքի արդյունք է, որն նա դրսևորել է դեռ մանկուց՝ տեղի պատանեկան թիմերում խաղալիս, գրում է El Territorio-ն։
Թոմասը ֆուտբոլ սկսել է խաղալ ընկերների հետ հողե դաշտերում, որտեղ հաճախ ցեխը ծածկում էր նրա ոտքերը: Հինգ տարեկանից նա մարզվել է Օմար Դուարտեի համեստ ֆուտբոլային դպրոցում: Այսօր՝ 23 տարեկանում, Թոմասը օրինակ է ծառայում նվիրվածության և ջանքերի համար՝ մրցակցային ֆուտբոլային աշխարհում: Չնայած զբաղվածությանը «Բանֆիլդ» ակումբում, որտեղ նա խաղում է ութ տարի, նա ժամանակ գտավ խոսելու El Territorio լրատվամիջոցի հետ՝ կիսվելով ազգային հավաքականի հրավերի մասին իր զգացմունքներով:
«Ազգային հավաքականը ներկայացնելը մեծ պատիվ է: Ես, ընտանիքս և ընկերներս անչափ ուրախ ենք: Ընդգրկվել եմ երկու ընկերական հանդիպումների ցուցակում՝ Կոսովոյի և Չեռնոգորիայի դեմ», — ասաց նա՝ չթաքցնելով իր գոհունակությունը:
Հայաստանի հավաքականում ընդգրկվելը Թոմասի համար հնարավորություն է՝ ցույց տալու իր ներուժը և մոտենալու եվրոպական ֆուտբոլում խաղալու երազանքին: «Երբ խաղում ես ազգային հավաքականում, ավելի տեսանելի ես դառնում: Դա հեշտացնում է Եվրոպայում ակումբ գտնելու գործընթացը: Դա իմ երազանքն է», — ընդգծեց երիտասարդ ֆուտբոլիստը:
Թոմասի պատմությունը հպարտության աղբյուր է Սան Պեդրոյի համար: Նրա համեստությունն ու պարզությունը նրան կուռք են դարձրել բազմաթիվ երիտասարդների համար: Վերջերս նա վերադարձավ Արաուկարիայի մայրաքաղաք և, ինչպես միշտ, այցելեց Cristo Junior ֆուտբոլային դպրոցը, որտեղ հանդիսանում է ավագ: Այնտեղ նա կիսվեց իր փորձով և խորհուրդներ տվեց երիտասարդ խաղացողներին:
«Իմ կապը հայրենի գյուղի հետ միշտ ամուր է: Ես պարբերաբար այցելում եմ դպրոց, խորհուրդներ եմ տալիս և կիսվում եմ իմ փորձով, որպեսզի տղաները ոգեշնչվեն և հետևեն իրենց երազանքներին, եթե սիրում են ֆուտբոլը և ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ», — նշեց նա:
Թոմասի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է Միսիոնեսում՝ Գուարանի և Կրուսերո դել Նորտե ակումբներում: 16 տարեկանում նա միացել է «Բանֆիլդին», որտեղից անցում է կատարել ազգային մակարդակ: Նա նաև մեկուկես տարի խաղացել է Ուրուգվայի «Ռամպլա Խունիորս» ակումբում:
Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա, որտեղ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Հունիսի 7-ին հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: